Ռուբեն Հայրապետյան, նախկին ընկերներն ընդհանուր ընկերներ չեն կարող ունենալ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

քաղաքական

ԱԺ պաշտպանության, ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայարապետյանի՝ «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ հնչեցված հայտարարությանը, որ ընդհանուր ընկերների միջոցով Քոչարյանն իր ականջին հասցրել է, որ Հայրապետյանը հեռանա Հայաստանից։

Նրա գրառումը՝ ստորև․

«Ռուբեն Հայրապետյան,

նախկին ընկերներն այլևս ընդհանուր ընկերներ չեն կարող ունենալ: Դուք ձեր շրջապատն ու ընկերներին ընտրել եք դեռևս 2008-ի մարտի 1-ից հետո և շարունակաբար հանդես եք եկել այդ շրջապատի շահերի սպասարկուի դերակատարմամբ: Այս դեպքը ևս բացառություն չէ. հերթական անգամ «սիրելի ընկերներին» հաճոյանալով` փորձում եք ձեզ անվերապահորեն ծառայություններ մատուցող լրատվականներով տարածել դատարկ կեղծիքներ:

Հավանաբար ձեր զառանցանքների պատճառն այն է, որ ոստիկանությունը ձեր բնակարան չափից դուրս «շնորհքով է ներխուժել»` չնայած դուք վաղուց ի վեր այդ մեծահոգությանը արժանի չեք, հակառակ դեպքում հիմա որևէ հնարավորություն չէիք ունենա դատարկաբանելու:

Դուք,մշտապես ձեր անձնական շահի թելադրանքով ջանք չեք խնայել «ընկերություն» առաջարկելու տվյալ պահի իշխանություններին:

Ասեմ ավելին, նախաքննության ընթացքում դեռ առիթ կունենաք ասելու, թե ով է այդ «ընդհանուր ընկերը», որ ձեզ նման բան է «փոխանցել», դա էլ այն դեպքում, երբ չխախտելով գործի ընթացակարգը, ձեզ ինչ-որ բանում նախազգուշացնել կարող է միայն գործի վարույթը իրականացնող մարմինը:

Այնպես որ հանգիստ նստեք ձեր տեղը և հնարավորության դեպքում վերընթերցեք ժամանակին ձեր և Սերժ Սարգսյանի փոխհարաբերությունների վերաբերյալ գրված հոդվածները, իսկ ես ձեզ վստահեցնում եմ` հետագայում դուք անսահմանափակ ժամանակ կունենաք արժեքավոր ընթերցանությամբ զբաղվելու:

Հարգանքով` ձեր բնորոշմամբ նախկին ընկեր` Անդրանիկ Քոչարյան»։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս