«Սիմենս»-ը և ATOM-ը կարող են գործակցել․ նախագահը հանդիպել է Ռոլանդ Բուշի, Սեդրիկ Նեյկի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է աշխարհի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ «Սիմենս»-ի տնօրենների խորհրդի անդամներ Ռոլանդ Բուշի և Սեդրիկ Նեյկի հետ։

Զրուցակիցները խոսել են համագործակցության, Հայաստանում «Սիմենս»-ի առաջատար տեխնոլոգիաների, ինչպես նաև փորձի կիրառման հնարավորությունների մասին։

Նախագահ Արմեն Սարգսյանը և «Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամները, մասնավորապես, անդրադարձել են Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում փոխգործակցությանը, նշել, որ մեծ հնարավորություններ կան արհեստական բանականության մշակման, մաթեմատիկական մոդելավորման, թվային տվյալների կառավարման և մի շարք այլ ոլորտներում: Նրանք համակարծիք են եղել, որ «Սիմենս»-ը և ATOM ծրագիրը նշված ուղղությունների շրջանակում կարող են արդյունավետ համագործակցություն ծավալել: