Թուրքիայի հայ համայնքը նման է սառցաբեկորի, հալվում է 82 միլիոնանոց ծովում․ Պոլսո պատրիարք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News   

Մաշալյան

Թուրքական «Hürriyet» իշխանամետ թերթում հրապարակվել է Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ անցկացված ծավալուն հարցազրույցի 2-րդ մասը: Գրել է Ermenihaber-ը։

Հարցազրույցի 2-րդ մասի առավել ուշագրավ հատվածները ներկայացնում ենք ստորև.

- Ըստ Ձեզ հայ համայնքի ամենակարևոր խնդիրը ո՞րն է:

-Մեր ամենամեծ խնդիրը ժողովրդագրությունն է: Մեր բնակչությունն արագ տեմպերով նվազում է: Ամեն 12 ծնունդի դիմաց 26 հոգի կորցնում ենք: Ահազանգող իրավիճակ է: Մենք 82 միլիոնանոց (Թուրքիայի բնակչության քանակը-խմբ.) ծովում գտնվող մի սառցաբեկորի նման ենք: Եվ հալվում ենք: Այս պահին Թուրքիայում ամենամեծ ոչ մուսուլման փոքրամասնությունն ենք՝ 50-60 հազար բնակչությամբ: Սակայն մեր աչքի առջև մի օրինակ ունենք՝ Ստամբուլում հունական փոքրամասնության քանակի նվազումն է, որն այսօր 2 հազարից էլ պակաս է:

- Բանկչության նվազումից բացի ի՞նչ խնդիր կա:

-Մեր 2-րդ խնդիրը պաշտոնական կանոնադրության բացակայությունն է: Հանրապետությունը մեզ ոչ մի կարգավիճակ չի տվել: Դե ֆակտո գոյություն ունենք, բայց օրենքով՝ ոչ:

- Բայց արդյո՞ք Լոզանի պայմանագիրը դա չի երաշխավորում:

-Լոզանը երաշխավորում է մեր գոյությունը: Սակայն դրա ներքին կարգավորումները Թուրքիային է վերապահել: Հայոց պատրիարքարան ձևակերպում որևէ կերպ գոյություն չունի: Այս վիճակը շատ դժվարություններ է ստեղծում, օրինակ՝ դատարան մտնել, սեփականություն ունենալ: Նույիսկ այս շենքը (նկատի ունի պատրիարքության շենքը), որում մենք գտնվում ենք, Պատրիարքարանին չի պատկանում, դիմացի եկեղեցուն է պատկանում: 38 եկեղեցի ունենք ու 42 հիմնադրամ: Մեր 38 եկեղեցիները 38 առանձին իշխանություններ են:        

- Ձեր կարծիքով մեզ մոտ քրիստոնեաֆոբիա կա՞:

-100 տարի առաջ բնակչության ամեն երրորդը քրիստոնյա էր: Այժմ ամեն հազարերորդն է քրիստոնյա: Ձեր կարծիքով այստեղ քրիստոնեաֆոբիա չկա՞:

Այս դարում Մալաթիայում 3 միսիոներ սպանվեցին՝ 2 ժամ խոշտանգվելով:

Երբ իրենց ձախակողմյան բնորոշող քաղաքական գործիչներ ի հայտ եկան, ասացին թե իբրև նրանք Թուրքիան քրիսոնեականացնում են: Ստեր տարածեցին՝ ասելով երկրում 23 հազար եկեղեցի է բացվել: Վախ տարածեցին (քրիստոնեության նկատմամբ-խմբ.): Բայց այս կառավարության (Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցության») գալով գործերը փոքր-ինչ հեշտացան»:  

Պոլսի հայոց պատրիարքի հետ հարցազրույցի առաջին մասը՝ հետևյալ հղումով: