Սամվել Մայրապետյանին կալանավորելու մասին միջնորդությունը բավարարվեց․ ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

սամվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարեց գործարար Սամվել Մայրապետյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Այդ մասին 24News-ին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Մարտի 3-ին գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Նույն օրը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ անձնական երաշխավորությունը, վերացվել էր, ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ Սամվել Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու: Քննիչի՝ որպես անձնական երաշխավորություն մուծած գումարը պետական եկամուտ դարձնելու մասին որոշում էր կայացվել։

Սամվել Մայրապետյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով։ 2019 թ․-ի դեկտեմբերի 27-ին նա 30 միլիոն դրամ գրավով ազատ էր արձակվել։ Նրա համար անձնական երաշխավորություն էին տվել առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը և Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին ՄԻԵԴ-ը 39-րդ կանոնի համաձայն՝ որոշել էր միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում էր տվել Հայաստանի կառավարությանը՝ շտապ կերպով ապահովելու Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների, այդ թվում՝ տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ։

Մայրապետյանին բուժման նպատակով թույլատրվել էր երկրից դուրս գալ 2019-ի հունվարի 25-ին և այդ նպատակով նա տեղափոխվել էր Գերմանիա։