Դուք հնարավորություն ունեք ժողովրդին բացատրություն տալու, թե ինչու եք «ոչ»․ Արամ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

արամ

«Մերժիր Սերժին»-ը վերաբերում էր ամբողջ համակարգին՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններին: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ իր ելույթում նշեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանը:

Նրա մեկնաբանմամբ՝ ժողովուրդը մերժեց օրենսդիր, գործադիր իշխանություններին, հիմա ժողովուրդը մերժում է դատական իշխանությանը. «Հիմա հայտնվել են մարդիկ, որ ասում են՝ ժողովուրդը չի մերժում: Գործող իշխանությունն էլ ասում է՝ որպեսզի ճշտենք՝ ժողովուրդը մերժում է, թե ոչ, դնում ենք հանրաքվեի: Այդ նույն մարդիկ ասում են՝, ոչ դա իրավական չէ: Դրան ասում ես՝ բարև ձեզ: Կա՞ որևէ երկիր, որտեղ ասեն՝ ժողովրդի կամքը հարցնելը իրավական չի: Մենակ չասեք՝ Ադրբեջանը»:

Արամ Սարգսյանը հավելեց, որ ընտրությունները չեն կեղծվում, հիմա հաշվի են առնվում բոլորի քվեները․հանրաքվեն շատ կարևոր է:

Նա,անդրադառնալով «ոչ»-ի կողմին՝ նշեց, որ «ոչ»-ի թիկունքում կանգնածը չի երևում, աներևույթ մարդ է դարձել, ինչ-որ խմբեր են ձևավորվել․ «Ինչքան մտածում են, ինձ համար պարզ է դառնում, որ «ՈՉ»-ի դեմքը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է,և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Եթե սխալվում եմ, թող նրանք ինձ ասեն՝ Արամ ջան, սխալվում ես, մենք «ոչ» չենք, մենք «այո» ենք:

Նա պարզաբանել է, թե ինչու են նրանք «ոչ»․ «Իրենք «ոչ» են, որովհետև Սահմանադրությունը նախկին առաջին դեմքերին քաղաքական հարցեր լուծելու առումով անձեռնմխելիություն է տալիս: Իրենք ուզում են օգտվել ՍԴ-ից, որը հնի հենարանն է, ապահովելու է այդ անձեռնմխելիությունը:

Նա խոսքով դիմել է «ոչ»-ի կողմին՝ ասելով, որ նրանք հնարավորություն ունեն հարցազրույցներ տալու և պարզաբանումներ անելու․ «Դուք հնարավորություն ունեք ժողովրդին բացատրություն տալու, թե ինչու եք «ոչ»: Եթե այդքան ճիշտ եք, ինչի՞ չեք գալիս ու ձեր «ոչ»-ը բացատրեք»:

Իր ելույթի վերջում նա նշեց, որ հանրաքվեին  «այո» է ասելու, որպեսզի իր երեխաները ՍԴ-ի հետ չունենան այն խնդիրները, որոնք ինքն ունեցել է երկու անգամ: