Բեգլարյանի գործով դատարանը դուրս է եկել մեղադրանքի և քննիչի միջնորդության շրջանակներից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News 

իրավական

Փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց փաստաբան Հրանտ Անանյանը՝ հավելելով, որ վերաքննիչ բողոքը դեռևս չի մակագրվել: Անանյանի խոսքով՝ Բեգլարյանին կալանավորելու մասին դատարանի որոշումն ակնհայտ անհիմն և ապօրինի է` այն գնահատելով որպես «ընդառաջում» քրեական հետապնդման մարմիններին: 

Ըստ փաստաբանի՝ դատարանն անգամ դուրս է եկել քննիչի ներկայացրած միջնորդության շրջանակներից՝ արձանագրելով այնպիսի ենթադրյալ հանգամանքներ, որոնք քննիչը նույնիսկ մեղադրյալ ներգրավելու որոշմամբ չէր վերագրել Բեգլարյանին: Մասնավորապես՝ դատարանն իրեն իրավունք է վերապահել զարգացնելու այն վարկածը, իբր 2009թ. դեկտեմբերի 23-ին Երևանի ավագանու նիստ տեղի չի ունեցել, քվեարկություն՝ ևս, ուստի՝ իբր թիվ 55-ն որոշումը չի ընդունվել, բայց Գ.Բեգլարյանը որպես ստորագրող մարմին ստորագրել է գոյություն չունեցող որոշում, որը նորմատիվ իրավական ակտ է, անմիջապես հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում և համացանցում: Անանյանը նշված հանգամանքը զարհուրելի որակեց. «Այն ինչ-որ մասնավոր հարցի վերաբերյալ որոշում չէր, որ տեսականորեն աննկատ անցներ, այդ որոշումն այսօր էլ գործում է, ուժի մեջ է: Ամեն տարի որոշակի փոփոխություններ են կրել, դժվար է ողջամտորեն պատկերացնել, որ տվյալ որոշումը հետագա տարիներին 7 անգամ փոփոխության ենթարկվի, ինչպես նաև դրա հիման վրա ընդունվեն անհատական մի քանի տասնակ (գուցե և ավել) որոշումներ հենց նույն ավագանու կողմից, սակայն որևէ մեկի մտքով չանցնի, որ նման մայր որոշում նախկինում չի ընդունվել»: Ավելին՝ փաստաբանի պնդմամբ՝ դատարանը նման եզրահանգման է եկել առանց քննիչի կողմից վերաբերելի անձանց հարցաքննելու արձանագրությունների հետազոտման, առանց պատշաճ և բովանդակային ուսումնասիրության: «Դատարանը գործադրել բոլոր «ճիգերը» ԱԱԾ-ի ցանկությունը իրականացնելու համար: Ինչպիսի ապօրինություն չէի տեսել և լսել՝ այս դեպքում տեսա և լսեցի»,- նշեց Անանյանը: Հրանտ Անանյանը գտնում է, որ Բեգլարյանին կալանավորելու մասին միջնորդությունը քննելիս և որոշում կայացնելիս դատարանը կաշկանդված է եղել. «Կասկածներ ունեմ, որ դա ազդեցության արդյունք է կամ դատարանը՝ վճռականություն չի ունեցել օբյեկտիվ և ըստ ներկայացված նյութերի որոշում կայացնել՝ մերժելու ԱԱԾ քննիչի միջնորդությունը Գ.Բեգլարյանի գործով»,- ընդգծեց Անանյանը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Գագիկ Բեգլարյանը որպես մեղադրյալ ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու և 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ Բեգլարյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ և դրա օգտագործմամբ յուրացրել է առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը՝ 233.470.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ Երևան քաղաքի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզը: ԱԱԾ քննչական դեպարտամենտը Բեգլարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել և միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար, ինչը դատարանը բավարարել է: