Առանց միմյանց օգնելու չենք կարող առաջ շարժվել․նախագահը շնորհավորել է Աշխատանքի օրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News     

նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ։ Նախագահի ուղերձում մասնավորապես ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Աշխատանքի օրն է:

Այս տարի այն անցնում է արտակարգ դրության պայմաններում, ոմանց՝ բուժաշխատողի, տաքսու և շտապօգնության մեքենայի վարորդի, ոստիկանի ու փրկարարի, նրանց մյուս գործընկերների համար՝ նույնիսկ անընդհատ աշխատանքային ռեժիմով:

Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել և երախտիքի ու բարեմաղթանքի խոսքեր հղել հենց ա՛յդ ոլորտների մարդկանց, հատկապես բժիշկներին ու բուժաշխատողներին, որոնց համար այս օրերին հիվանդանոցը թե՛ տուն է, թե՛ ընտանիք: Նրանք արժանի են ամենաբարձր գնահատականի, այդ թվում՝ նաև պետության կողմից հատուկ վերաբերմունքի և պարգևի:

Շնորհակալ եմ նաև բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրերին աշխատում են սովորականից ավելի ծանրաբեռնված, առանց տրտնջալու: Նրանք գիտակցում են, որ իրենց ամեն մի լրացուցիչ ջանք կարող է առնվազն մեկ կյանք փրկել, մեկ ընտանիքի համար հաց ստեղծել, նպաստել քաղաքացու և երկրի անվտանգության պահպանությանը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կորոնավիրուսի համավարակի պատճառով ձեզնից ոմանք ժամանակավորապես կտրվել են աշխատանքից, ոմանք կորցրել են աշխատանքն՝ իրենց ամենօրյա ապրուստի միակ միջոցը: Հասկանում եմ ձեր ընտանիքների վիճակը և կիսում եմ ձեր մտահոգությունները: Հասկանում եմ, թե այս իրավիճակում ինչ է նշանակում մնալ առանց աշխատանքի:

Գիտեմ, որ այս պահին ձեզնից շատերը փրկօղակ են որոնում: Պետության աջակցության կարիք կա, նաև միմյանց ձեռքն ամուր բռնելու կարիք կա, որովհետև առանց իրար օգնելու չենք կարող առաջ շարժվել, առավել ևս՝ արտակարգ իրավիճակում: Դուք բոլորդ աշխատանքի մարդիկ եք, աշխատանք սիրող մարդիկ: Եվ բնավ կապ չունի, թե, արտակարգ իրավիճակով պայմանավորված, որտեղ եք այս պահին՝ տանը մեկուսացած, թե՞ շինհրապարակում, վիրահատական սեղանի առաջ, թե՞ գիտական թեզը շարունակելիս, ծառայության մեջ եք, թե՞ սպասում եք գործատուի զանգին:

Այսօր անգամ ամենազարգացած և հարուստ երկրներում սոցիալական լուրջ խնդիրներ են առաջացել: Մենք նույնպես գտնվում ենք բարդ կացության մեջ: Մի կողմից՝ համավարակն իր հետևանքներով, մյուս կողմից՝ տնտեսական ու ֆինանսական խնդիրները, և դրանց կողքին՝ սոցիալական, մարդկային խնդիրները: Բոլոր դեպքերում էլ պետությունն առաջին հերթին և մենք բոլորս անելիք ունենք։

Իրավիճակից ելքը պետություն-գործատու-աշխատող եռանկյունում է, որը պետք է լինի կուռ ամբողջություն: Սակայն լուծման ուղին առաջին հերթին պատասխանատվությունն է, կարգապահությունը, զգոնությունը և նաև հոգատարությունն աշխատող մարդու նկատմամբ, որպեսզի հնարավորինս շուտ հաղթահարենք համավարակը և վերադառնանք բնականոն կյանքի:

Մենք սովոր ենք դժվարություններ հաղթահարել, և այսօր էլ դա պետք է անենք միասին: Իսկ հաղթահարելը նույնպես աշխատանք է, որը ոչ ոք մյուսի փոխարեն չի կարող անել:

Եղեք ամուր, եղեք հաստատակամ:

Առողջություն, ուժ և կորով ձեր մտքին, հոգուն ու մարմնին:

Ամենայն բարիք ձեր տանն ու ընտանիքներին»: