Դանակահարություն՝ սուպերմարկետի դիմաց. ոստիկանությունը որոնում է կռվի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

դանակ

Մայիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմանում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի մոտից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է shamshyan.com-ը:

Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ վիրավորը, ում կյանքը հաջողվել է փրկել, Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Գագիկ Գ.-ն է:

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 03:00-ի սահմանում «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ 26-ամյա Վլադիմիր Մ.-ի, 29-ամյա Սևան Խ.-ի, հիվանդանոց տեղափոխված Գագիկ Գ.-ի և 2 անհայտ անձանց միջև: Վիճաբանության ժամանակ Գագիկ Գ.-ն սուր կտրող-ծակող առարկայով հարված է ստացել: Պարզվել է նաև, որ վիճաբանությանը մասնակցել են Երևանի բնակիչներ, 24-ամյա Հայկ Խ.-ն, 24-ամյա Տիգրան Թ.-ն, իսկ Գագիկ Գ.-ին դանակահարելու կասկածանքով որոնվում է Տիգրան Թ.-ն:

Ոստիկանությունը ձեռնարկում է ոչ միայն Տիգրան Թ.-ին, այլև Հայկ Խ.-ին հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ:

Դեպքի փաստով ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: