Յան Վերտոնգենը հայտարարեց Տոտենհեմից հեռանալու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News 

սպորտ

Բելգիացի պաշտպան Յան Վերտոնգենը հայտնել է Լոնդոնի «Տոտենհեմից» հեռանալու մասին:

Ֆուտբոլիստի ու ակումբի միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է ու նա ազատ խաղացողի կարգավիճակ է ստացել: Այսպիսով, Վերտոնգենը կկարողանա մեկ այլ ակումբ տեղափոխվել անվճար.

«Ակումբում իմ ժամանակը մոտենում է ավարտին: Սա ցավալի օր է՝ մի շարք պատճառներով: Ես կկարոտեմ ընկերներիս, անձնակազմի, նոր անհավանական մարզադաշտում խաղին, և, իհարկե, երկրպագուներին»,- գրել է Վերտոնգենը Թվիթերի իր էջում:

Վերտոնգենը «Տոտենհեմ» էր տեղափոխվել 2012 թվականի ամռանն «Այաքսից»: Տրանսֆերի արժեքը կազմել էր 12,5 մլն եվրո: Անգլիական ակումբի կազմում 33-ամյա բելգիացին բոլոր մրցաշարերում 315 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 27 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:

--0--ԿԿ