«Ուզում եք նախագծերը տապալե՞ք». Արա Բաբլոյանի դիտողությունը պատգամավորներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Ազգային ժողովի պատգամավորները ուզում են ժամ առաջ ավարտել իրենց աշխատանքը: Նոյեմբերի 15-ին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին նույնիսկ առաջարկում էին, որ քննարկված և քննարկվելիք բոլոր նախագծերը քվեարկեն օրվա ավարտին, որպեսզի վաղն առավոտյան դրա համար էլ չգան:

Արա Բաբլոյանը զարմացած ասաց.

«Էսօր ո՞նց եք քվեարկելու, մի կե՞րպ, եթե քվորում կապահովեք, հարց չկա: Բայց դուք չեք կարող քվորում ապահովել»:

Ի դեպ, առավոտյան՝ նիստի մեկնարկին, երկար ժամանակ քվորում չկար, քանի որ ընդամենը 52 պատգամավոր էր գրանցվել: Երբ քվորումն ապահովվեց, Արա Բաբլոյանը նկատեց, որ պատգամավորների մի մասը դահլիճում չէ եւ եթե քվեարկության դնի օրինագծերը դրանք կտապալվեն: Տեղից պատգամավորներից մի քանիսը առաջարկեցին առաջնորդվել կանոնակարգով, ինչին Բաբլոյանն արձագանքեց, որ եթե հիմա դնի քվեարկության օրինագծերը, դրանք կտապալվեն: Նա թվարկեց այն նախագծերը, որոնք քննարկվել են նախօրին և ասաց.

«Եթե ուզում եք, որ այդ նախագծերը տապալեք, ես չգիտեմ… պարտաճանաչությունը պետք է լինի»: