ՀՀ նախագահը՝ ՌԴ-ին դիմելու, Ալիևին վստահելու, Թուրքիայի լծաների մասին. La Libre Belgique

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

նկար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել բելգիական հեղինակավոր La Libre Belgique պարբերականի հատուկ թղթակից Քրիստոֆ Լամֆալյուսիին: Որոշ հատվածներ հարցուպատասխանի տեսքով ներկայացնում ենք ստորև:

La Libre Belgique- Պարո՛ն նախագահ, մենք գալիս ենք Երևանի զինվորական գերեզմանոցից, ուր տեսանք տասնյակ դագաղներ: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ողբերգությանը:

- Ամեն օր մենք կորցնում ենք կյանքեր, երիտասարդներ, որ չեն դառնալու հայր, արտիստ, գիտնական... Սա վիթխարի ողբերգություն է: Այդ կյանքերը կորսվեցին, մինչդեռ խաղաղ լուծման ուղի կար՝ մշակված Մինսկի խմբի կողմից, որ միավորում է Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային և Ռուսաստանին: Դժբախտաբար, Ադրբեջանը որոշեց լքել բանակցությունների սեղանը և դիմել ռազմական ուղուն:

La Libre Belgique- Ո՞վ է սկսել այս պատերազմը: Ադրբեջանը պնդում է, թե ինքը հակահարված է տվել հայկական հարձակմանը:

- Պատասխանը տրամաբանությունն է. Արցախի համար ի՞նչ իմաստ ուներ պատերազմ սկսել: 1994 թ. ստորագրված զինադադարից հետո գոյություն ուներ հնարավորինս լավագույն բանակցությունների սեղանը: Հայերը վերականգնեցին Շուշիի մզկիթը, կառուցեցին դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ՝ հույս ունենալով, թե բանակցությունները կհանգեցնեն նորմալ կյանքի:

La Libre Belgique- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրել է Ռուսաստանի աջակցությունը Հայաստանի անվտանգությունը երաշխավորելու համար: Ի՞նչ դեր կարող է խաղալ Ռուսաստանը:

- Ռուսաստանը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում: Նա Մինսկի խմբի անդամ է և լավ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Նա, ի հակադրություն Թուրքիայի, կարող է միջնորդ լինել: Բայց Ռուսաստանը նաև հասկանում է, որ Թուրքիան իր դերն ունի խաղալու: Եթե Թուրքիան օգտագործի իր ազդեցությունը և ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, հնարավոր կլինի հրադադար հաստատել:

La Libre Belgique- Փոխզիջումների մասով, կարծո՞ւմ եք, որ պետք է քննարկումներ լինեն Ղարաբաղի շուրջ «անվտանգության գոտու» վերաբերյալ:

- Պե՞տք է լինեն կապույտ սաղավարտներ, անվտանգության գոտիներ: Դա հակամարտությունները լուծելու դասական եղանակ է: Սակայն առաջին բանը, որ պետք է արվի, հրադադարն է: Երկու ճամբարներում էլ մահեր կան, և դա մեզ ոչ մի տեղ չի տանում: Վերջնական ռազմական լուծում գոյություն չունի: Կլինեն ժամանակավոր հաղթանակներ, սակայն պատերազմը շարունակվելու է: Կարևորը վստահությունը վերահաստատելն է:

La Libre Belgique- Դուք կարո՞ղ եք վստահել նախագահ Ալիևին:

- Փոխվստահությունը կարող է ձեռք բերվել բանակցությունների ընթացքում: Ես Մինսկի խմբում բանակցող չեմ: Այդ դերը վերապահված է վարչապետին և արտաքին գործերի նախարարին, բայց ես հույս ունեմ, որ երբ նրանք վերադառնան սեղանի շուրջ, կկարողանան միջազգային հանրության աջակցությամբ վերականգնել փոխվստահությունը և հասնել վերջնական լուծման:

Ոչ ոք պատրանք չպետք է ունենա, որ որևէ հարց կարող է լուծվել ուժի միջոցով:

Հարցազրույցն առավել մանրամասն՝ այստեղ:

--00—ԼՄ