Հանրության մի մեծ հատված առկա իրողություններին չի տիրապետում․ երկխոսությունն ակտուալ է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

հասարակական

«Պատերազմից 1-2 շաբաթ առաջ, երբ իմ համար ակնհայտ էր ռազմական գործողությունների վերսկսման վտանգը՝ բոլոր նախանշանները առկա էին, գրառմամբ կամ հոդվածով իշխանությանն առաջարկել էի հանրության, քաղաքական, հասարակական տարբեր խմբերի, գործիչների հետ երկխոսություն սկսել»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

«Նպատակը բացի կոնսուլտացիաներից հանրության լայն շերտերին առկա ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ մատչելի, պատշաճ տեղեկատվության փոխանցումն էր, ինչու չէ՝ հանրությանը պատերազմին նախապատրաստելը։

Հանրության հետ ինտենսիվ կապի, հաղորդակցման կամ ուղղակի պարզ երկխոսության մասին նաև պատերազմի առաջին օրերին եմ անդրադարձել։

Այսօր էլ այդ երկխոսությունը ակտուալ է։ Մեր հանրության մի մեծ հատված առկա իրողություններին չի տիրապետում։ 

Ես չեմ խոսում տեղեկատվությանը 100%-ով տիրապետելու մասին, ես չեմ ասում լավի, վատի, դրականի բացասականի մասին, ես պարզապես խոսում եմ իրադրությանը ընդհանուր գծերով տիրապետելու մասին։

Սա մեծ խնդիրների է հանգեցնելու ինչպես իրադարձային տարբեր զարգացումների, այնպես էլ՝ քաղաքական հետագա գործընթացներում։

Իշխանությունն ինքը պետք է ընտրի, թե նշածս բացերը, խնդիրները ինչ խողովակներով, մեթոդներով և ինչպես է լուծում, սակայն փաստն այն է, որ այս ուղղությամբ մեծ անելիք կա։ 

Ամեն ինչ չէ, որ պետք է թողել զինված ուժերի ուսերին, հակառակը, բոլոր միջոցներով պետք է կիսել ծանրությունը»,-գրել է Աբրահամյանը։

--0--ԿԿ