Հետո Ադրբեջանը կգիտակցի, թե ինչ աստիճանի է դարձել Թուրքիայի կովկասյան խամաճիկը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

նկար

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույց է տվել հունական Kathimerini օրաթերթին, որի շրջանակում անդրադարձել է ԼՂ հակամարտության շրջանակում Թուրքիայի դերակատարությանը:

Հարցին՝ ճի՞շտ է ասել, որ Թուրքիայի նախագահը քաջալերում է Բաքվին՝ ցուցաբերելու հնարավորինս անհաշտ վարքագիծ և ի՞նչ նպատակով, ՀՀ նախագահը պատասխանել է, որ Թուրքիան ուղղակիորեն ներգրավված է հակամարտությունում իր ռազմական ուժով և քաղաքական-դիվանագիտական աջակցությամբ:

«Թուրքիայի՝ արդեն ապացուցված ներգրավվածությունը, որը թեպետ թուրքական կողմն անհուսորեն հերքում է, սաստկացնում է հակամարտությունն ու դրամատիկորեն մեծացնում դրա ծավալները, ուժգնությունը և Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները: Մոլեռանդ ջիհադիստների ու սիրիացի և այլ վարձկանների ներկայությունն ամբողջական պատկերը դարձնում է ավելի բարդ ու խճճված և վտանգում ողջ տարածաշրջանի անվտանգությունը, ինչը կարող է Կովկասը վերածել նոր Սիրիայի:

Թուրքիան ոչ միայն քաջալերում է Բաքվին՝ դառնալու խաղաղ բնակչության կույր մարդասպան ու խախտել հրադադարի մասին համաձայնությունը, այլև Ադրբեջանին դարձնում է իր գերին՝ վերածելով նրան իր քաղաքական մանիպուլյացիայի նոր գործիքի՝ ընդդեմ Ռուսաստանի, Եվրամիության, ԱՄՆ-ի և Իրանի: Կարճաժամկետ կտրվածքով Ադրբեջանը կարող է ուրախ լինել, որ Թուրքիան իր կողքին է և նրանից ստանում է աջակցություն խաղաղ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում, սակայն միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարներում դա ձախողում է, և միայն հետո Ադրբեջանը կգիտակցի, թե ինչ աստիճանի է դարձել Թուրքիայի կովկասյան խամաճիկը»,-ասել է նախագահը:

Արմեն սարգսյանը նաև ընդգծել է, որ Թուրքիան տարածաշրջանային խաղացող է՝ կայսերապաշտական հավակնություններով և ախորժակով, սակայն սահմանափակ ռեսուրսներով ու խամրող միջազգային հեղինակությամբ: Նա խնդիրներ է ստեղծում Սիրիայում, Լիբիայում, Արևելյան Միջերկրածովյան շրջանում և այլուր:

«Սեփական նպատակներին հասնելու համար Ադրբեջանին օգտագործելը, այդ թվում՝ պատերազմ սանձազերծելը հրահրելը և քաջալերելը, նվազագույնն է, որ Թուրքիան կարող է անել տարածաշրջանում ու դրա սահմաններից դուրս»,-ասել է նախագահը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:

--00—ԼՄ