ԼՂ-ի մոնիտորինգային կենտրոնում աշխատելու համար Թուրքիան 60 զինվորական կուղարկի Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

հուլուսի

ԼՂ-ի մոնիտորինգային կենտրոնում աշխատելու համար Թուրքիան 60 զինվորական կուղարկի Ադրբեջան: NTV-ին տված հարցազրույցի շրջանակում հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

«Մեր աշխատակազմից 60 մարդ Ադրբեջանում է: Կենտրոնի կառուցման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել», - ասել է թուրք պաշտոնյան և հավելել, որ պայմանները կքննարկվեն ռուսական կողմի հետ:

«Թուրքական կողմը Ռուսաստանի հետ կքննարկի Ադրբեջանում իրենց գտնվելու տևողությունը», - ասել է նա և հավելել, որ ԼՂ-ում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շինարարությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ դեռ դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղի համար ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի ստեղծման մասին Աղդամում, որն անցել է Բաքվի վերահսկողության տակ:

Նշենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ըստ համաձայնության՝ Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին, իսկ Հադրութի շրջանը՝ մասնակի: 

--00—ԼՄ