ՀՀ ԱԺ նախագահը ՄԱԶԾ մշտական ներկայացուցչին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

Միրզոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 4-ին հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման սկզբում ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մարիյասինին՝ համագործակցության եւ տարբեր ոլորտներում իրականացված համատեղ ծրագրերի համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի խորհրդարանի և ՄԱԶԾ-ի միջեւ գործակցությանը, որն ուղղված է Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը:

Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը շնորհակալություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում ՀՀ ԱԺ-ի հետ ունեցած արդյունավետ համագործակցության համար: Նա խոսել է նաեւ Հայաստանում ՄԱԶԾ-ի կողմից իրականացված տարբեր ծրագրերի մասին:

Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է անցած տարի աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային, դրա ծանր հետեւանքներին՝ առաջնահերթ համարելով հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց շուտափույթ վերադարձի հարցը: Խորհրդարանի խոսնակի կողմից կարեւորվել է նաեւ պատերազմի հետեւանքով առաջացած մարդասիրական այլ խնդիրների շուտափույթ հաղթահարումը եւ դրանում միջազգային գործընկերների ակտիվ ներգրավվածությունը:

Հանդիպման ավարտին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Դմիտրի Մարիյասինին նորանոր հաջողություններ է մաղթել իր հետագա գործունեության ընթացքում:

--00--ԱԹ