ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 14, 24News
Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպմանը ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ասել է, որ Ռուսաստանը ցանկանում է շարունակել նպաստել ղարաբաղյան հակամարտության հարցով երկխոսությանը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք ցանկանում ենք շարունակել նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Բաքվի և Երևանի միջև ուղիղ երկխոսությանը», - ասել է Լավրովը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը Բաքվում մասնակցում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որի շրջանակում նախատեսված էին հանդիպումներ Ալիևի և Մամեդյարովի հետ։
ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցում է նաև Հայաստանը, բայց ոչ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի մակարդակով։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը 24News-ին հայտնել էր, որ խորհրդի նիստին Հայաստանը կներկայացնի ԱԳՆ բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը:
Հիշեցնենք՝ ՍԾՏՀ կազմակերպությանն անդամակցում է 12 երկիր՝ Հայաստանը, Հունաստանը, Ալբանիան, Բուլղարիան, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջանը, Թուրքիան և Ուկրաինան: