Օգտվելով խանութից տիրոջ անուշադրությունից՝ երևանցին դրամարկղից փող էր գողացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Մարտի 1-ին՝ կեսգիշերն անց, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Այնթապ գյուղի մթերային խանութից գողություն է կատարվել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ փետրվարի 28-ին՝ ժամը 23-ի սահմաններում, օգտվելով խանութի տիրոջ անուշադրությունից՝ դրամարկղից փող էին գողացել:

Անհրաժեշտ արձանագրություններ կազմելուց հետո որոնողական աշխատանք սկսվեց։ Հաղորդումից օրեր անց գաղտնի հափշտակությունը բացահայտվեց բացառապես օպերատիվ ճանապարհով։ Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Երևանի Շենգավիթ համայնքի 41-ամյա մի բնակիչ։
Մարտի 8-ին կասկածվողը Նոր Խարբերդի ամառանոցներից բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին։

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00—ԼՄ