Դավիթ Հարությունյանը գրասենյակ է վարձել. սկզբի համար այդքանով «յոլա կգնան»․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ականներն ԱԺ չանցնելուց հետո պարապ չեն մնա։ Հատկապես նրանց պրոֆեսիոնալ հատվածն արդեն աշխատանքի բազմաթիվ առաջարկներ է ստացել, այդ թվում՝ միջազգային կառույցներից։ Օրինակ՝ Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, նաեւ Էդուարդ Շարմազանովն ունի առաջարկ դրսից, բայց մերժել է՝ նախընտրում է մնալ Հայաստանում, դասախոսել։ ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Դավիթ Հարությունյանն էլ է որոշել մնալ Հայաստանում։ Նա իրավական խորհրդատվություն իրականացնող ընկերություն է բացել, որով իրավաբանական ծառայություններ է մատուցելու տարբեր կազմակերպությունների։

Ընկերությունը կկոչվի «Դավիթ և ընկերներ»։ Դրա համար Հարությունյանն արդեն գրասենյակ է վարձակալել «Էրեբունի պլազայում»։ Գրասենյակը մեծ չէ, ընդամենը 23 քմ է, քանի որ մեծ ներդրում չի կարողացել անել, սկզբի համար որոշել են այդքանով յոլա գնալ։

Դավիթ Հարությունյանն ասաց, որ հիմնականում օգտվելու է վիրտուալ օֆիսի հնարավորություններից և իր աշխատանքը կազմակերպելու է համակարգչային ծրագրերի միջոցով, նաև փորձելու է շուկայում նորամուծություններ մտցնել, որ տարբերվի համանման մյուս ընկերություններից։ Չի բացառվում՝ Արփինե Հովհաննիսյանը ևս միանա նրան, և միասին աշխատեցնեն ընկերությունը, եթե այլ առաջարկներ չընդունի։ Հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանի եղբայրն էլ փաստաբանական ընկերություն ունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։