Անահիտ Ավանեսյանը ՀՀ ԱՆ հուշամեդալով է պարգևատրել Նոել Գարաբեդյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

ԱՆ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի մասնաճյուղի նախագահ Նադյա Գործունյանի և Santé Arménie նախաձեռնության անդամներ Արսեն Մեքինյանի, Նոել Գարաբեդյանի և պատվիրակության այլ անդամների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ողջունելով ներկաներին՝ Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության և հատկապես պատերազմի օրերին ցուցաբերված աջակցության համար:

Հանդիպման ընթացքում նախարարը Նոել Գարաբեդյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հուշամեդալով՝ Հայաստանի բժիշկների մասնագիտական զարգացման գործում նշանակալի ավանդի, երկար տարիների բարեգործական աշխատանքի, Հայաստանում քիթ-կոկորդ-ականջաբանության կլինիկական ծառայության հիմնադրման համար:

Նշենք, որ Santé Arménie նախաձեռնությունը ֆրանսահայ բժիշկների միավորում է, որը նպատակադրված է համախմբելու և համակարգելու ֆրանսահայ բժիշկների ջանքերը՝ ուղղված արցախահայության կարիքների բավարարմանը։ Հետպատերազմյան շրջանում կազմակերպությունը նպատակ ունի իրականացնել Հայաստանի բժշկական համակարգի բարելավման, հիվանդանոցների արդիականացման, ինչպես նաև հայ մասնագետների վերապատրաստման երկարաժամկետ և հեռանկարային ծրագրեր։

Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել աջակցելու Հայաստանի առողջապահական համակարգին, հոգեբուժության, կլինիկական փորձարկումների, ցավի կառավարման և մի շարք այլ ոլորտներում:

--00--ԱԹ