Ոչ կրակելու հրաման եմ տվել, ոչ զորք հանել․ ԶՈւ-ն իր խնդիրն է կատարել. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

Փաստաբանների հետ խորհրդակցելուց հետո հետագա քայլերը կորոշվեն, ամեն դեպքում ՍԴ որոշումը ճիշտ է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«ՍԴ որոշումը ևս մեկ անգամ փաստում է, որ այս հոդվածով նաև քաղաքական հետապնդում է եղել մեր նկատմամբ: Ես դեռ այն ժամանակ ասել էի, որ չեմ հասկանում իմ նկատմամբ մեղադրանքի էությունն` այն դեպքում, որ ես ԳՇ պետ եմ եղել: 2008 թ. դեկտեմբերի 25-ին է «Պաշտպանության մասին» օրենքը փոխվել և ԳՇ պետը դարձել զորային կառույցի ղեկավար: Ես, երբ եղել եմ ԳՇ պետ, հրամանատար չեմ եղել: Մեղադրանքի հիմքում դրված էր, որ ես ընթերցել եմ արտակարգ դրության հրամանագրի համաձայն ԶՈւ ինչ խնդիրներ պետք  էկատարի, այսօր դատարանն իր որոշումը պետք է ընդունի»,- ասաց նա:

Իր նկատմամբ առաջադրված մեղադրանքի վերաորակավորման հավանականությանն անդրադառնալով` Օհանյանը նշեց, որ այդ դեպքում իրենք ևս մեկ անգամ կհաստատեն քաղաքական հետապնդման երևույթը: 

«Վարչապետն այստեղ անելիք չունի, նա դատական իշխանության ղեկավարը չէ: Օրենսդիր իշխանության ղեկավարն է վարչապետը: Նա մեկ անգամ այդտեղ անելիք է ունեցել 2008 թ. մարտի 1-ին, հրահրել ամբողջ ընթացքը, այսօր այդտեղ անելիք չունի: Գոյություն ունի անմեղության կանխավարկած, բոլոր տեսաերիզներում տեսնում ենք` ով է հրահրել, ով էր բախման կոչ անում»,- ասաց Օհանյանը:

Հարցին` արդյո՞ք բարոյական վնասի փոխհատուցում պատրաստվում է պահանջել, նախկին նախարարը պատասխանեց, որ այս ամենը բարոյականությունից դուրս է: Ինչ վերաբերում է իր հակաքայլերին` նա նշեց, որ իր համար կյանքի նպատակ չէ ընկած, ստոր մարդկանց հետապնդելը:

Մարտի 1-ի դեպքերի համար պատասխանատո՞ւ է ՀՀ ներկայիս վարչապետը. այս հարցին ի պատասխան` Օհանյանը նշեց.

«ՀՀ վարչապետի աթոռին սոսնձված անձը դատապարտվել է, և իր իշխանության օրոք այդ դատապարտման փաստը չի հերքվել, այդ հոդվածը հիմա էլ մնում է իր վրա: Դատարանները թող պարզեն` ովքեր են մեղավորները, ես ոչ կրակելու հրաման եմ տվել, ոչ էլ զորք եմ հանել․ ԶՈւ-ն իր խնդիրն է կատարել արտակարգ դրության պայմաններում»: