Հայրենաշեն ջանքերը կհաջողեն՝ անձնական հավակնություններից հրաժարվելով. Գարեգին Բ-ի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության համար մատուցված պատարագի ժամանակ Գարեգին Բ կաթողիկոսը ուղերձ հղեց, որի ժամանակ անդրադարձավ նաև 44-օրյա պատերազմին:

«Անցյալ տարի մեր ժողովուրդը փրկչի նմանությամբ վերստին կրեց խաչելության տառապանքը: Պատերազմի դժոխային հնոցում, չարչարանաց Գողգոթա անցնելով, զոհվեցին 1000-ավոր մեր սիրասուն զավակներ: Կորցրինք Արցախի՝ հարազատ մեր հայրենիքի զգալի մասը:

Ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ հետպատերազմյան շրջանում մեր կյանքում հաստատուն չեղան տերունապատվեր սիրո և համերաշխության նախանձախնդրությունը, Աստծո պատգամների համաձայն կենսակերպը: Պառակտումներն ու սերմանվող ատելությունը, անհանդուրժողության ոգին, շարունակվող քաղաքական ալեկոծումները նոր ցնցումների ու անկումների վտանգի առջև են կանգնեցրել մեր երկիրն ու ժողովրդին՝ ստվերելով նաև հայրենանվիրումի ու ազգասիրության վեհ գաղափարները: Իսկ հայրենիքի անվտանգության չփարատվող մտահոգությունը, հայրենական կյանքի տեսլականի բացակայությունը, հիասթափությունն ու հուսախաբությունը անորոշության խավարով են մթագնել ապագայատեսիլ մեր հույսերը:

Ո՛չ մի հանգամանք, ո՛չ մի նպատակ, ոչինչ չի կարող արդարացնել ազգի ու հայրենիքի մասնատումն ու տկարացումը, ազգային և հոգևոր մեր արժեքների նախնյաց ավանդների ոտնահարումը, նոր սերնդի ապազգայնացումն ու բարոյազրկումը, ազգի արժանապատվության ու պատվի նսեմացումը:

Մեր առջև ծառացած քաղաքական, տնտեսական, սոցիալական բարդ հիմնախնդիրների հանդիման, ճգնաժամային դժվարին հանգամանքներում, թաղման անձավի մեջ մնալով, իրավիճակից դուրս ելնելու անհարժեշտ գործողություններում հապաղելով, մեր խաչելությունը չի պսակվի հարության կենարար զորությամբ: Հարությունը չի կայանում մերժելի ատելությամբ ու թշնամանքով, բաժանումով ու քայքայումով, այլ՝ սիրով և հայրենյաց սիրո շուրջ համախմբումով, նեղություններն ու դժվարությունները միասնաբար հաղթահարելով:

Մեր ժողովրդի կյանքը ի հայրենիս և ի սփյուռս սպասում է վշտերի անհապաղ սփոփման, չարիքներից հառնումի և հաղթական հարության, Քրիստորի պարգևած փրկության և հարության լույսը, սիրելինե՛ր, ճառագում է զոհողություններ ստանձնելու առաքինության միջոցով, զոհողություններ մեկս մյուսի հանդեպ, զոհողություններ ի սեր ողջ ժողովրդի և հայրենիքի: Այս լույսի ներքո է, որ եսապաշտությունն ընկնում է, ընկում է աստվածպաշտության առջև, մահաբեր ընթացքը շրջվում է դեպի կենսատու աստված, տառապանքների մատնող գործողությունները փոխարկվում են հարության կյանքի արարումների՝ առաջնորդելով փրկության ու հավիտենության:

Մեր երկիրն ու ժողովրդին պատուհասածից վերհանելը, Արցախի կյանքը ավերներից բարձրացնելը և հայության ու հայրենիքի վերածնունդը հրամայական հանձնառություններ են՝ իրագործելի ազգի բոլոր զավակներին, քաղաքական կուսակցություններին, մասնավորապես մեծագույն պատասխանատվությունը կրող իշպանությունների կողմից:

Հայրենաշեն ջանքերը կպսակվեն հաջողությամբ օրհասական իրավիճակից պետականությունը փրկելու նախանձախնդրությամբ, անձնականա հավակնություններից հրաժարվելով, պետության ու ազգի շահը գերադասելով: Այս ոգով հաղթական հանգրվանի պիտի հասցնենք մեր ցավագին կորոուստների վերականգնման, մեր իրավունքների պատշպանության, հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման մեր նվիրական ձգտումները»,-ասել է կաթողիկոսը:

Գարեգին Բ-ն նաև հույս է հայտնել, որ հաղթահարելու ենք դժվարությունները, որոնք ծառացել են հայրենիքի առաջ, և կոչ արեց աղոթք անել՝ տիրոջից խնդրելով իմաստություն քաղաքական գործիչներին պետական ու հասարակական կարգը կարգավորելու և բարեկեցության առաջնորդելու պատասխանատվության մեջ:

«Աղոթենք պատերազմում վիրավորված մեր զավակների առողջության, գերիների և անհայտ կորածների վերադարձի, զոհված քաջորդիների և համավարակից մահացածների հոգիների հանգստության համար»,-ասել է Գարեգին Բ-ն:

--00—ԼՄ