Էսօր բոլորը վախեցնում են՝ ո՞նց կլինի Ադրբեջանը ճանապարհ ունենա․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզի Ռինդ, Զառիթափ, Խնձորուտ և Գետափ համայնքներ: Կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին, արցախյան պատերազմի հանգամանքներին, տնտեսության զարգացման հեռանկարներին և առաջիկա ծրագրերին:

«Հիմա գլխավոր հարցն է՝ ինչպե՞ս հաղթահարել այս պարտությունը, ինչպե՞ս հաղթահարել այս հարվածը: Իմ պատասխանը մեկն է՝ աշխատանքով, ստեղծարար աշխատանքով: Վայոց ձորի մարզի վարելահողերի 74 տոկոսը չի մշակվում, ժողովուրդ: Այդ 74 տոկոսը չի մշակվել 25-30 տարի: Դա նշանակում է՝ այդ 74 տոկոսի վրա արժեք չի ձևավորվել: Այդ արժեք չձևավորվելու հետևանքով պետական բյուջե այդքան քիչ եկամուտ է մտել, մարդկանց տներ, ընտանիքներ քիչ եկամուտ է մտել, այդքան թերֆինանսավորվել է բանակը, այդքան թերֆինանսավորվել են ճանապարհները, այդքան թերֆինանսավորվել է կրթությունը, այդքան թերֆինանսավորվել է առողջապահությունը: Եվ, հետևաբար, մեր հարցերը պիտի լուծենք աշխատանքի միջոցով: Վայոց ձորի հողերը պետք է մշակվեն: Իհարկե, մենք պետք է հասկանանք. մի մասը սահմանային պատճառներով չի մշակվում: Դա էլ պետք է լուծենք: Մի մասը ոռոգման ջրի բացակայության պատճառով չի մշակվում: Դա էլ պիտի լուծենք: Հայաստանի լեռներում տարեկան ձևավորվում է 7 մլրդ խորանարդ մետր ջուր: Մենք դրանից ամբարում ենք ընդամենը 1 մլրդ խորանարդ մետրը: Եվ քաղաքականություն պետք է մշակենք, որ Հայաստանում ջրամբարաշինության ծավալուն ծրագիր իրականացվի:

Հաջորդը՝ մենք գյուղացիների համար եկել ենք նոր առաջարկով: Պետք է խթանենք, որպեսզի համատարած անցում կատարվի կաթիլային ոռոգման: Եվ ուզում ենք հետևյալ ծրագիրը գործարկել. մինչև երեք հեկտար այն հողերը, որոնք կանցնեն կաթիլային ոռոգման, հինգ տարի իրենց սեփականատերերից ջրի փող չենք գանձի: Եվ մենք այս ծրագիրն անպայման գործարկելու ենք: Այսինքն՝ անվճար կլինի ջուրը նրանց համար:

Հաջորդը, գործարկել ենք ուսուցիչների աշխատավարձերի անընդհատ բարձրացման ծրագիր, այսինքն՝ շարունակական: Եվ այս տարվա նոյեմբերից այն ուսուցիչները, ովքեր կանցնեն ատեստավորում՝ կստանան 30-50 տոկոս բարձր աշխատավարձ: Եվ այս պրոցեսի արդյունքում դպրոցներում կունենանք միայն որակյալ ուսուցիչներ, որոնք պատշաճ և բարձր աշխատավարձ կստանան: Մենք միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի գյուղում և Երևանի կենտրոնում դպրոցական կրթության որակը մոտեցնենք իրար: Դրա համար առաջինը՝ հեռավար կրթության ինստիտուտ կստեղծենք, որ օրինակ, Երանում ուսուցիչը դաս վարի, որտեղ ուսուցիչների պակաս կա՝ ինտներնետի միջոցով այդ դասը հեռարձակվի նաև այդտեղ, ուրիշ գյուղերում: Դասասենյակում ներկա կլինի միայն ինստրուկտոր ուսուցիչ, ով երեխաների ներկայությունը և ուշադրությունը կապահովի:

Հայաստանի տնտեսությունը պետք է զարգացնել: Ինչպե՞ս, պետք է գնանք, այո՛, կոմունիկացիաների բացման: Այսօր բոլորն ուզում են վախեցնել՝ ինչպե՞ս կլինի, որ Ադրբեջանը Հայաստանով ճանապարհ ունենա դեպի Նախիջևան: Իմիջայլոց, այդ միջանցքի տրամաբանութունը շատ է շահարկվում: Ադրբեջանն անընդհատ հայտարարում է՝ «Զանգեզուրի միջանցք, Զանգեզուրի միջանցք»: Մենք հարց ենք տալիս, ընդգծելով՝ համատեղ ստորագրված փաստաթղթի մեջ ո՛չ Սյունիք, ո՛չ Զանգեզուր, ո՛չ Մեղրի, ո՛չ էլ միջանցք արտահայտություն կա:

Նրանք շարունակաբար ասում են՝ մենք «Զանգեզուրի միջանցք» ենք ունենալու: Լավ, հայտարարում են՝ հայտարարում են, մենք էլ ուրեմն Նախիջևանի միջանցք ենք ունենալու, մենք էլ ուրեմն հյուսիս-ադրբեջանական միջանցք ենք ունենալու: Այսինքն ճանապարհ կտանք՝ ճանապարհի դիմաց: Պատկերացրեք, Հայաստանի տնտեսությունն ինչ փոփոխություններ կապրի, եթե ունենանք երկաթուղի Իրանի Իսլամական Հանրապետության հետ և Ռուսաստանի Դաշնության հետ: Սա մեր կարևորագույն խնդիրն է, որից հետո Հայաստանը հնարավորություն կստանա օգտվելու իր ամենամեծ հարստությունից:

Հայաստանը պղնձի պաշարներով ամենահարուստ երկրներից մեկն է: Այսօր պղինձը հռչակվել է 21-րդ դարի նավթ: Եվ երկու օր առաջ պղնձի գինը սահմանեց պատմական ռեկորդ՝ մեկ տոննայի դիմաց հատեց 9 հազար դոլարը: Բայց մեր ազգային հարստությունից չենք կարողանում լիարժեք օգտվել, որովհետև հանքաքար արտահանող երկիր ենք: Երկաթուղու բացումը մեզ հնարավորություն կտա Հայաստանում պղնձաձուլարան հիմնել: Սա նշանակում է, որ ոչ թե հանքաքար կարտահանենք, այլ մետաղ կարտահանենք, բայց ոչ թե նույնիսկ մետաղ կարտահանենք, այլ մետաղի վերամշակված ապրանք՝ պղնձալար, կաբել: Ինչո՞ւ է պղնձի գինը բարձրանում, որովհետև հիմա էլեկտրոմոբիլների, կանաչ էներգետիկայի, այլընտրանքային էներգետիկայի դար է, իսկ այլընտրանքային էներգետիկայի և էլեկտրոմոբիլների համար ամենակարևոր կոմպոնենտը պղինձն է: Սա նշանակում է՝ կկարողանանք վերականգնել Հայաստանի երբեմնի արդյունաբերության մակարդակը, որովհետև տնտեսությունը կհիմնվի պղնձի վրա, պղինձը կվերամշակվի՝ կդառնա կաբել և տասնյակ այլ արտադրանքներ, արևային պանելներ: Երեք ուղղությունների մասին մեր հիմնական և հիմնարար պատկերացումներն ասացի՝ անվտանգություն, հանրակրթություն, գյուղատնտեսություն և արդյունաբերություն: Այս ճանապարհով մենք պետք է զարգանանք և գնանք առաջ»:

--0--ԿԿ 

Տեսանյութեր

Live

Լրահոս