Թուրքիան ավելի լավ երկիր կլիներ, եթե անեին նույնը, ինչ Գերմանիան․ իսպանացի կոնգրեսական

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

նկար
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն հուսով է, որ Իսպանիան պետության մակարդակով հնարավորինս շուտ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, նա կարևորում է միջազգային հանրության կողմից ճանաչումը՝ ցույց տալու Թուրքիային, որ իր դիրքորոշումն անընդունելի է՝ պատմական, բարոյական և իրավական առումներով: Ինյարիտուն նման տեսակետ հայտնեց  «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան:

-Պարո՛ն Ինյարիտու, Ձեր կարծիքով, Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց, ո՞րը պետք է լինի առաջադեմ մարդկության հիմնական խնդիրը `այդպիսի հանցագործությունների ճանաչման, դատապարտման և կանխարգելման տեսանկյունից:

-Իմ կարծիքով, Հայոց ցեղասպանության ճանաչումը մի քանի պետությունների համար առկախ խնդիր է: Դա խնդիր է՝ կապված հայ ժողովրդի պատմական արդարության հետ, բայց այն նաև պետք է լինի քայլ, որը կերաշխավորի, որ այդպիսի ծանր հանցագործությունները չկրկնվեն:

-Հնարավոր համարու՞մ եք, արդյոք, Թուրքիայի կողմից ճանաչումը `հաշվի առնելով այդ երկրի ագրեսիվ և ժխտողական քաղաքականությունը: Ի՞նչ կարող է ակնկալել հայ ժողովուրդը արդար հատուցման տեսանկյունից:

-Ես անկեղծորեն հավատում եմ, որ ներկայիս՝ Էրդողանի կառավարության դեպքում դա անհնար է, իսկ մյուսների համար էլ պարզ հարց չէ: Թուրքիան մեկ դար շարունակ հերքում է այս ցեղասպանությունը: Միջազգային հանրությունը պետք է ճանաչի դա, որպեսզի Թուրքիային ցույց տա, որ իր դիրքորոշումն անընդունելի է՝ պատմական, բարոյական և իրավական առումներով:

-Պարոն Ինյարիտու, ի՞նչ եք կարծում, ճանաչումն ու Թուրքիայի ներողությունը բավարա՞ր են պատմական արդարությունը վերականգնելու համար:

-Կարծում եմ, դա կարող է լինել առաջին քայլը: Այն կօգնի բարելավել երկու ժողովուրդների ՝ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները, բայց դա լավ կլինի նաև թուրք ժողովրդի համար: Որպես օրինակ պետք է հետևել Գերմանիային` իր պատմական պատասխանատվությունը ճանաչելու առումով: Թուրքիան ավելի լավ երկիր կլիներ, եթե նրանք անեին նույնը, ինչ Գերմանիան:

-Ի՞նչ եք կարծում, ի՞նչն է խանգարում Իսպանիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ի՞նչ տեսակետներ կան երկրում:

-Իսպանիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է մի քանի խորհրդարանների կողմից, ինչպիսիք են Բասկերի երկրի խորհրդարանը կամ Կատալոնիայի խորհրդարանը, բայց սպասվում է, որ դա անեն Կոնգրեսը կամ Իսպանիայի կառավարությունը: Կարծում եմ՝ պարզ է, որ Թուրքիան մեծ ճնշում է գործադրում՝ ճանաչումից խուսափելու համար: Հուսով եմ, որ Իսպանիան որպես պետություն դա կճանաչի հնարավորինս շուտ:

--00—ԼՄ