Սպառնացող վտանգների պարագայում հանդես ենք բերելու ազգային շահերից բխող վարքագիծ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

․

«5165» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորոպես ասված է․

«Հայաստանի Հանրապետության սահմանների, մասնավորապես Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի կապակցությամբ խստագույնս դատապարտում ենք ադրբեջանական սադրիչ ու ռազմականացված գործողությունները, ներթափանցումները պետության ինքնիշխան տարածք, ինչը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։

Ադրբեջանական զինված ուժերի գործողությունները համարում ենք ոտնձգություն ՀՀ սահմանների անխախտելիության նկատմամբ, որոնք կրում են նաև ահաբեկչական բնույթ սահմանային բնակիչների իրավունքների նկատմամբ։

 «5165» շարժումը Հայոց պետականությանը սպառնացող վտանգների պարագայում անվարան հանդես է բերելու ազգային շահերից բխող վարքագիծ։ Հույս ենք հայտնում, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակը հնարավոր կլինի մեղմել բացառապես բանակցությունների ճանապարհով։ Չհաջողելու դեպքում հայտնում ենք, որ կանգնած ենք մեր բանակի կողքին։

Միևնույն ժամանակ վերահաստատում ենք և ընդգծում, որ ստեղծված իրավիճակին հանգել ենք օրվա իշխանությունների ապազգային և անճարակ քաղաքական վարքագծի, քաղաքական կամքի բացակայության և անցյալ տարվա նոյեմբերի 9-ից ժամանակի պարպման  հետևանքով։

Գործող իշխանություններին հորդորում ենք իրավիճակի մասին ստույգ տեղեկություններ հաղորդել և օպերատիվ կերպով տրամադրել պաշտոնական ճշմարտացի հաղորդագրություններ»։

--00--ԱՀ