Վրաստանում ադրբեջանցիների և վրացիների միջև ծեծկռտուք է եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News 

Վրաստան

Մայիսի 16-ին Վրաստանի Դմանիսի քաղաքում ազգությամբ ադրբեջանցիների և վրացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Ինչպես երևում է քաղաքի խանութներից մեկի տեսախցիկի կողմից արձանագրված տեսանյութում, տասնյակ անձինք ֆիզիկական բռնություն են կիրառում նաև փայտյա մահակներով:

Դմանիսիի քաղաքապետ Գիորգի Տատուաշվիլիի հայտարարությամբ, ծեծկռտուքը տեղի է ունեցել երիտասարդների միջև և չի ծագել էթնիկ հողի վրա: Հակառակն են պնդում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, որոնց կարծիքով ընդհարումը տեղի է ունեցել ազգային հողի վրա: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Դմանիսիում գտնվող խանութի վաճառողի խոսքով կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ նա մի խումբ երիտասարդների մերժել է պարտքով գարեջուր վաճառել:

Երեկ գիշերվանից Դմանիսիի շրջանային վարչությունում ընթանում է հարցաքննություն: Դեռևս հարցաքննվել են միայն ադրբեջանական թեմի ներկայացուցիչները:

Վրաստանի ՆԳ նախարարությունը կատարվածի առնչությամբ դեռ հայտարարություն չի տարածել:

--00--ՄՀ