Արայիկ Հարությունյան, ՀՀ Ձեր գործընկերոջ հետ շարունակում եք ծաղրել, կեղեքել մի ամբողջ ազգ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Մետաքսե

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Մեկ տարի առաջ, այս օրը… Արայիկ Հարությունյանը Շուշիի մշակույթի պալատում երդվեց, խրոխտ ձայնով հայտարարելով, որ արցախահայության անվտանգությունը ողջ հայության անվտանգությունն է, արցախահայության արժանապատվությունը ողջ հայության արժանապատվությունն է, արցախահայության պայքարը՝ ողջ հայության պայքարը, արցախահայության հաջողությունը՝ ողջ հայության հաջողությունը: Հպարտ նշեց, որ Ազգային ժողովը տեղափոխվելու է Շուշի: Գլուխը բարձր, ինքնավստահ կրկնեց Փաշինյան Նիկոլի «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը: Մի քանի ամիս անց Շուշիի մշակույթի պալատը դարձավ մեր հայրենակիցների գերեզմանը, Հայրենիքի մեծ կտոր հանձնվեց թշնամուն, Արցախն ու Հայաստանը դարձան ամենավտանգվածը, իսկ հայի արժանապատվությունն ու պատիվը հողին հավասարեցվեց:

Նիկոլի ու Արայիկի սիրելի արտահայտությունը վերափոխվեց. «Արցախը Հայաստան է, թե՞ վերջ»: Սակայն…վերջ, Արայիկ Հարությունյան, ժամանակն է իջեցնել վարագույրը և ավարտել այն տրագիկոմեդիան, որի սցենարը գրեցիք դուք ձեր անպատասխանատվությամբ, ձեր՝ Նիկոլին ամեն գնով հաճոյանալու պատրաստակամությամբ: Պատերազմի «ավարտից» անցել է մոտ յոթ ամիս, իսկ դուք ՀՀ-ի ձեր գործընկերոջ հետ շարունակում եք ծաղրել ու կեղեքել մի ամբողջ ազգ: Բավ է, ձեռք ձեռքի տվեք ու հեռացե՛ք… Հեռացեք, որ կարողանանք մեր կորացած մեջքն ուղղել, հողին հավասարեցված պատիվը բարձրացնել: Թույլ չենք տա վերացնել մեր երեխաների ու սերունդների ապագան…»:

--00--ԱԹ