ԱՄՆ դեսպանատունը խնդիր ունի ներթափանցելու աշխատակիցների հեռախոսների մեջ․ ՏԱ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 26, 24News

«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից ձեռք է բերված սարքերը ոչ թե գաղտնալսող, այլ հեռախոսների ամբողջական պարունակությունը վերծանող սարքեր են»։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով հասունացող «դիվանագիտական սկանդալը», համաձայն որի՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը Ֆրանկֆուրտում գտնվող ԱՄՆ գլխավոր հյուպատոսության միջոցով 2016 թվականի ապրիլին ձեռք է բերել հեռախոսների ամբողջական պարունակությունը վերծանող ու գաղտնալսող սարքեր:

Սամվել Մարտիրոսյանի համար առայժմ պարզ չէ՝ դեսպանատունն ինչո՞ւ է նման սարքեր ձեռք բերել, թեև ենթադրում է, որ վերջինս կատարում է հակահետախուզական աշխատանք հենց դեսպանատան ներսում, և խնդիր ունեն ներթափանցելու աշխատակիցների հեռախոսների մեջ։

«Մեկ այլ դեպքում չի բացառվում, որ նրանք փորձում են կոնկրետ այն անձանց հեռախոսների մեջ ներթափանցել, որոնք մտնում են դեսպանատուն։ Ընդ որում՝ այդ սարքերը մատչելի են և կարող են լինել ոչ միայն դեսպանատան, այլև մեր պետական կառույցներում», - ասել է Սամվել Մարտիրոսյանը։