ՀՀ տարածքում հակառակորդի զինծառայողների թիվը չի գերազանցում 1000-ը․ Էդվարդ Ասրյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

նկար

Ամբողջ ճակատով մեր տարածքում գտնվող հակառակորդի զինծառայողների քանակը չի գերազանցում 1000-ը։ Այս մասին ՊՆ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է գեներալ-մայոր, ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով սահմանային իրադրությանը։

«Եթե դիտարկվում են հակառակորդի զինծառայողներ սահմանի վրա, սահմանից այն կողմ, ապա մարդիկ կարող են շատ ավելի մեծ թվեր ասել: Հակառակորդի նշված 1000 զինծառայողը մեր տարածքում լուրջ խնդիրներ կատարելու հնարավորություն չունի։ Եթե մենք հարցին սկսենք լուծում տալ ռազմական ուժի կիրառմամբ, ապա միանշանակ այդ 1000 զինծառայողները մեր տարածքից դուրս գալ չեն կարող, կոչնչացնենք բոլորին անխտիր»,-ասել է նա։

Հարցին՝ քաղաքական ղեկավարությունը հրաման տվե՞լ է չկրակելու, Ասրյանն ասել է՝ քաղաքական ղեկավարությունն այդպիսի հրամաններ չի տալիս։

«Կրակելու հրաման տալիս է ռազմական ղեկավարությունը, քաղաքական ղեկավարությունը որոշում է հանգուցալուծման համապատասխան ուղղություններ, պայմաններ։ Եթե մենք զգանք, որ արդեն իսկ չի կարելի հակառակորդի հետ ձեռնամարտի բռնվել, և լինեն համապատասխան նախապայմաններ, որ հակառակորդը արդեն ձգտում է այդ ուղղությամբ իր պայմանները թելադրելու, մենք, միանշանակ կկիրառենք ռազմական ուժ և կոչնչացնենք հակառակորդի բոլոր զինծառայողներին: Բոլորը մեր նշանառման տակ են, ԶՈւ-ն պատրաստ է իր առջև դրված խնդիրը կատարել»,-ասել է Էդվարդ Ասրյանը:

--00—ԼՄ