ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի ղեկավարությամբ անցկացվել են համատեղ շտաբային մարզումներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

․

Օգոստոսի 23-25-ը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ղեկավարությամբ անցկացվել են համատեղ շտաբային մարզումներ՝ «ՀՀ զինված ուժերի ռազմական կառավարման մարմինների աշխատանքը պաշտպանողական օպերացիայի որոշման ընդունման և խնդիրների առաջադրման փուլում» թեմայով:

Սահմանվել են կառուցվածքային ստորաբաժանումների և ապահովման զորամասերի պլանավորված և մարտական հաշվարկներով սահմանված գործողությունների հաջորդականությունը, ստուգվել են պաշտոնատար անձանց գործողությունները ռազմաքաղաքական իրադրության գնահատման, զինված ուժերի կիրառման պլանի և զորքերի խնդիրների ճշգրտման ընթացքում, կատարելագործվել են հրամանատարական կազմի՝ մարտական գործողությունների նախապատրաստման և անցկացման, պաշտպանողական օպերացիաների պլանավորման և ղեկավարման կարողությունները։

Մարզումների ընթացքում ուսումնասիրվել է օպերատիվ առաջադրանքը, գնահատվել է ստեղծված իրադրությունը, մշակվել է զորքերի կառավարման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ձևայնացումը:

Ամփոփելով մարզման արդյունքները՝ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստվածությունն ու մարտունակությունը, տվել համապատասխան հանձնարարականներ ստորաբաժանումների հրամանատարներին:

--00--ՀԱ