Գերությունից վերադարձած տղաներից մեկն ասում էր՝ անցել են դժոխքի միջով. Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

Նաիրա Զոհրաբյան

Օրեր առաջ գերությունից վերադարձած տղաները չեն իմացել՝  ուր են իրենց տանում, մինչև չեն հասել Վրաստանի սահմանին: Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ պատգամավոր, «Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ի անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Ապրիլյան նստաշրջանում, երբ դուրս բերեք ադրբեջանական պատվիրակության բոլոր ելույթները, կտեսնեք, որ մի բան կա՝ «տվեք ականապատ տարածքների քարտեզները և մենք կքննարկենք գերեվարված անձանց ազատ արձակումը»: Հիմա հարց Նիկոլ Փաշինյանին՝ ամիսներ շարունակ Ադրբեջանը պահանջել է ականապատ տարածքների քարտեզը, դուք չե՞ք տվել: Դուք չեք տվել, տղաներն ամեն օր մնացել են գերության մեջ, որպեսզի ձեր քարոզարշավի պիկին տաք Ակնայի 57 հազար ականների քարտեզը, և դրա դիմաց ձեզ քարոզչական բոնուսներ հավաքեք»,- ասել է նա:

Սա, ըստ Զոհրաբյանի, անբարոյական է, միայն հայատյաց մարդը կարող է այսպիսի բան անել: Նա հիշեցրել է՝ վաղուց էր ասում, որ ընտրություններին նախորդող շաբաթների ընթացքում ադրբեջանական կողմը գերիներ կվերադարձնի, որպեսզի ապահովի ներկայիս իշխանության բարձր վարկանիշը:

«Անուն չեմ տա, բայց ես խոսել եմ գերությունից վերադարձած 15 տղաներից մեկի հետ և նա պատմել է, որ նրանք անցել են դժոխքի միջով, ասում էր՝ վերջին երկու ամիսներին ամեն շաբաթ իրենց ասում էին՝ հագնվեք, ձեզ տանում ենք հանձնենք Հայաստանին, տանում էին, ծեծում և վերադարձնում, իսկ վերջին անգամ ասել են՝ հագնվեք, ձեզ տանում ենք, մորթենք: Ասում է՝ ավտոբուսում նստած, մինչև Վրաստանի սահման չհասան, չգիտեին՝  իրենց հետ ինչ է լինելու, չեն հասկացել, որ վերադառնում են, իսկ Փաշինյանը ցինիկաբար ասում էր՝ ոչինչ, Բաքվում գերի մեր տղաները, որ պայքարում են ՀՀ անկախության համար, մեկ-երկու ամիս էլ կսպասեն»,- նշել է Զոհրաբյանը:

--00--ԱԹ