ԵՊՀ-ն պրոֆտեխնիկական ուսումնարան չի, որ 3 հոգով ռեկտոր ընտրեն ու համալսարանի գլխին կարգեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Հասարակական

Ամիսներ շարունակ իշխանությունը նպաստել է, որ ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհուրդ չձևավորվի, որպեսզի ստեղծվի 3 հոգուց կազմված ժամանակավոր խորհուրդ ու կարողանան իրենց ցանկություններն իրականացնել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ արհմիության նախագահ Արմեն Ավետիսյանը՝ անդրադառնալով  Արդադատության նախարարի կողմից 3 անդամից կազմված ժամանակավորի խորհրդի ձևավորմանը։

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարար Ռուսատամ Բադասյանը նշանակել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ 3 անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ, որի անդամներն են՝ Մհեր Գրիգորյանը, Վահրամ Դումանյանն ու Եղիշե Կիրակոսյանը։

««Հիմնադրամների մասին» օրենքը սահմանում է, որ եթե 3 ամսվա ընթացքում խորհուրդ չի ձևավորվում, ապա Արդարադատության նախարարը ժամանակավոր խորհուրդ է ձևավորում, որն ունի բոլոր լիազորությունները։ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը լուծարելուց հետո իշխանությունները կանոնադրությունը փոխեցին ու ԵՊՀ-ի ներկայացուցիչների քանակը նվազեցրին»,-ասաց Ավետիսյանը։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք կա՞ թեկնածու, ում իշխանությունները նախապատվություն կտան, նա նշեց․ «Այս պահին որևէ անուն դեռ չի շրջանառվում, դեռ չգիտեմ թե ով կլինի ռեկտորը կամ ռեկտորի ժպ-ն։ 3 հոգանոց խորհուրդն այժմ պարտավոր է ընդունել գործող ռեկտորի ժպ-ի հրաժարականը և ապա պաշտոնակատար ընտրի կամ նոր մրցույթ հայտարարի»։

Ավետիսյանի դիտարկմամբ՝ շուրջ 3 տարի է, ինչ իշխանությունը չի կարողանում ԵՊՀ-ի համար իրեն հարմար ռեկտոր գտնել։

«Չկարողացան իրենց մեջից գտնել արժանի մեկին (երևի չեն էլ կարողանա)։ Չգիտեմ՝ հիմա ինչ-որ մեկին գտել են, թե ոչ, բայց իրենց թիմին լավ ծանոթ լինելով՝ կասկածում եմ, որ այդ թիմից որևէ մեկը կարող է արժանի լինել ռեկտորի պաշտոնին։ Եթե այլ մարդ կլինի, որին կառաջարկեն ու կհամաձայնի, նաև ընդունելի կլինի համալսարանի համար, ապա հնարավոր է հանգույցը վերջնականապես քանդվի»,-ասաց ԵՊՀ արհմիության նախագահը։

Ամփոփելով խոսքն Ավետիսյանն ասաց, որ 3 հոգանոց խորհրդավոր ռեկտոր ընտրելու դեպքում լեգիտիմության հարց կառաջանա։

«ԵՊՀ-ն պրոֆտեխնիկական ուսումնարան չի, որ Արդարադատության նախարարի կողմից նշանակված 3 հոգանոց խմբով ռեկտոր ընտրեն ու համալսարանի գլխին ռեկտոր կարգեն ինչ-որ մեկին։ Եթե նման բան եղավ տվյալ ռեկտորը լեգիտիմության խնդիր է ունենալու ու դժվար թե կարողանա ԵՊՀ-ի այս ճգնաժամը հանգուցալուծել»,-ընդգծեց ԵՊՀ արհմիության նախագահ Արմեն Ավետիսյանը։

--00--ԿԿ