ՊԵԿ նախագահին ներկայացվել են էլեկտրոնային համակարգերի զարգացմանն ուղղված քայլերը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուuտամ Բադասյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցների հետ: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Կոմիտեի ղեկավարը ընդգծել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն առանձնահատուկ կարեւորություն ունի: Ռուստամ Բադասյանը գոհունակությամբ նշել է, որ այս գործում ստորաբաժանումը դրսեւորել է պատշաճ նախաձեռնողականություն:

Աշխատանքային խորհրդակցությանը կոմիտեի ղեկավարին ներկայացվել են իրականացված աշխատանքները եւ ընթացիկ նախագծերը, այդ թվում՝ ՊԵԿ զարգացման եւ վարչարարության ռազմավարական ծրագրով հաստատված միջոցառումների կատարման ընթացքը։ Անդրադարձ է կատարվել մեծ ծավալի տվյալների(Big Data)  վերլուծության հիման վրա գործող անալիտիկ հաշվետվությունների համակարգին, ինչպես նաեւ արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման մոտեցումների կիրառմամբ «խելացի» ռիսկերի կառավարման մեխանիզմներին:

ՊԵԿ նախագահին ներկայացվել են նաեւ էլեկտրոնային համակարգերի զարգացմանն ուղղված քայլերը՝ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի, էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի, համակարգերի վեբ եւ մոբայլ տարբերակների, ոչ ռեզիդենտ ԱԱՀ վճարողների հարթակի եւ այլ ենթակառուցվածքների ներդրման եւ բարելավման ուղղությամբ։ Կոմիտեի ղեկավարը հանձնարարել է հարկ վճարողների հետ շփումները կազմակերպել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ անձնական գրասենյակի միջոցով:

Կոմիտեի ղեկավարին զեկուցվել է, որ մաքսային ծառայության մասով իրականացվում են 25-ից ավելի նախագծեր՝ ռիսկերի կառավարման համակարգի, ազգային մեկ պատուհանի, էլեկտրոնային հայտարարագրերի կատարելագործման եւ այլ ուղղություններով: Անդրադարձ է կատարվել նաեւ մաքսային մարմիններին վճարման ենթակա վճարներն էլեկտրոնային եղանակով վճարելու հարթակին:

Խորհրդակցությանն ընդգծվել է ՊԵԿ ցանցային եւ սերվերային սարքավորումների արդիականացման կարեւորությունը։ Այդ համատեքստում քննարկվել են նաեւ հարկ վճարողներին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների համակարգի վերջին շրջանում խափանումների պատճառները: ՊԵԿ նախագահը կարեւորել է խնդրի արագ լուծման անհրաժեշտությունը՝ հարկ վճարողներին լրացուցիչ անհանգստությունից զերծ պահելու  համար: Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ հարցը գտնվում է իր  անմիջական ուշադրության ներքո եւ հանձնարարել է ներկայացնել լուծման հստակ մեխանիզմներ: 

Կոմիտեի ղեկավարին ներկայացվել է նաեւ ենթակառուցվածքների եւ էլեկտրոնային կառավարման համակարգերի սպասարկման հայտերի գրանցման, հաշվառման եւ հետագծելիության առցանց համակարգի աշխատանքն ու արդյունավետությունը, այլ գերատեսչությունների հետ գործակցությունը, մասնավորապես՝ տեղեկությունների փոխանակման մասով:

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը կոմիտեի ղեկավարին վստահեցրել է, որ նախանշված միջոցառումների իրագործման համար ամենօրյա աշխատանք է տարվում, ընդգծելով, որ քննարկումը լրացուցիչ լիցք կհաղորդի ստորաբաժանման աշխատանքին:

Խորհրդակցության ավարտին ՊԵԿ նախագահը շրջել է տվյալների մշակման կենտրոնում, հետեւել աշխատանքների կազմակերպման ընթացքին:

--00--ԱԹ