Զախարովայի հայտարարությունը սադրիչ է և հակաադրբեջանական․ Ադրբեջանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 12, 24News

Thumbnail

Ադրբեջանի ԱԳ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան  մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր արգելելու մասին հայտարարությունը՝ այն որակելով «սադրիչ ու հակաադրբեջանական»։

«Ադրբեջանը միշտ բաց է ՌԴ քաղաքացիների համար: Միայն 2018 թ. ՌԴ 880 000 քաղաքացի այցելել է մեր երկիր»,-ասել է Աբդուլաևան՝ հավելելով, որ նրանց կողմից տվյալ հարցի առնչությամբ որևէ բողոք չի եղել: Աբդուլաևայի խոսքով՝ այցելածների թվում եղել են նաև հայեր, և «նրանք որևէ խնդրի չեն առնչվել»:

Ըստ խոսնակի՝ Զախարովան առաջին անգամը չէ, որ ռուս-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների ոգուն հակասող հայտարարությամբ է հանդես գալիս: Անդրադառնալով Զախարովայի ելույթի այն հայտարարութանը, թե ադրբեջանական կողմը խոստացել է շտկել իրավիճակը, Աբդուլաևան ասել է. «Վճռականորեն հերքում ենք դա: Ռուս-ադրբեջանական հարաբերությունները հիմնված են իրավահավասարության վրա, մինչդեռ «կշտկեն իրավիճակը» արտահայտությունը հակասում է իրավահավասար երկկողմ հարաբերությունների էությանը», - նշել է խոսնակը:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ի ճեպազրույցի ժամանակ Մարիա Զախարովան ասել էր, որ Մոսկվան լիահույս է, որ Բաքուն կհրաժարվի էթնիկ պատկանելիության հիմքով ՌԴ քաղաքացիների, մասնավորապես՝ ազգությամբ հայերի նկատմամբ վարվող խտրական քաղաքականությունից և չի խոչընդոտի նրանց մուտքն Ադրբեջան:

«Նախորդ տարի մենք տեղեկացել ենք առնվազն 16 դեպքի մասին, երբ, ՌԴ քաղաքացիների էթնիկ ծագումը հիմք ընդունելով, նրանց թույլ չեն տվել Ադրբեջանի տարածք մուտք գործել: Միևնույն ժամանակ ՌԴ քաղաքացիներին մի քանի ժամ սպասեցրել են օդանավակայանում, ինչից հետո բռնի կերպով հետ են ուղարկել երկրից՝ առանց պաշտոնական պատճառ նշելու», - ասել էր Զախարովան:

ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը նկատել էր, որ նման դեպքերը, ցավոք, վատ ու սխալ ավանդույթ են դառնում՝ նշելով, որ նման դեպքերը ՌԴ քաղաքացիների իրավունքի կոպիտ խախտում են, հակասում են ռուս-ադրբեջանական հարաբերությունների ոգուն:

«Ադրբեջանական ղեկավարության հետ շփումների ընթացքում մենք վստահեցում ենք ստացել առ այն, որ իրավիճակը կշտկվի, և լիահույս ենք, որ այդպես կլինի»,-ասել էր Զախարովան: