Նախագահն ու ԱՄԷ պետնախարարը քննարկել են համատեղ նախագծերի իրագործման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 14, 24News

Thumbnail

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Սուլթան Ալ-Ջաբերի հետ:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հայաստանի նախագահը և ԱՄԷ պետնախարարը խոսել են տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության, մասնավորապես, համատեղ նախագծեր իրագործելու հնարավորությունների մասին։ Նախագահ Սարգսյանի խոսքով՝ տարիների ընթացքում, իհարկե, մեծ և փոքր հաջողություններ գրացնվել են, սակայն ներուժը շատ ավելի մեծ է։

Որպես համագործակցության հեռանկարային ուղղություն Արմեն Սարգսյանն առանձնացրել է տուրիզմի, ենթակառուցվածքների ու սպասարկումների ոլորտը՝ նշելով, որ Հայաստանը կարող է այս ոլորտում տարբերվող առաջարկներ անել, մասնավորապես, էկոտուրիզմ, պատմական զբոսաշրջություն։

Նախագահը կարևորել է նաև փոխգործակցությունը գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության ոլորտներում։ Նրա խոսքով՝ մեր երկիրը հայտնի է միրգ-բանջարեղենի վերամշակման, պահածոյացման, չրագործության ոլորտներում և այստեղ երկու երկները կարող են փոխշահավետ աշխատել։

Ըստ Արմեն Սարգսյանի, գործակցության արդյունավետ հարթակ կարող են լինել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտները, ֆինանսական սեկտորը, ինչպես նաև էներգետիկայի, մասնավորապես, վերականգնվող էներգիայի բնագավառը։