Կրակոցներ՝ Արմավիրի մարզում. կասկածյալը գործարանի տնօրեն է, վիրավորը՝ անհատ ձեռներեց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

հասարակական
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 10-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 00։30-ի սահմաններում Քարակերտ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ։

Գյուղ են մեկնել ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել նույն գյուղի բնակիչներ՝ 46-ամյա Լայերտ Մնացականյանի և 38-ամյա Հրայրիկ Հակոբյանի միջև, որի ընթացքում Լ. Մնացականյանին պատկանող սննդի կետի տարածքում Հ. Հակոբյանը իր անվամբ գրանցված «ԱՏԱ ԱՐՄՍ» տիպի 12 մմ տ/չ որսորդական ողորկափող հրացանով կրակոցներ է արձակել օդ, ինչի արդյունքում, ըստ նախնական տեղեկությունների, ոչ կրակելու հետևանքով դեռևս անհայտ պայմաններում Լ. Մնացականյանը դեմքի շրջանում վնասվածք է ստացել։

Փաստի առթիվ ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հ. Մնացականյանն ու Հ. Հակոբյանը հրավիրվել են ոստիկանության Բաղրամյանի բաժին, ապա բաց են թողնվել։  Հայտնաբերվել է նաև հրացանը, հետաքննիչի որոշմամբ էլ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական։  Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Հակոբյանը Քարակերտ գյուղի պահածոների գործարանի տնօրենն է, իսկ Լ. Մնացականյանը անհատ ձեռներեց է։

--0--ԿԿ