ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News
Զինված ուժերի զինծառայողներին տրամադրվող ներքնաշորերը և համազգեստը որակական փոփոխության են ենթարկվել: Զինված ուժերի կենտրոնական իրային բազայում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Զինված ուժերի կենտրոնական իրային բազայի հրամանատար, փոխգնդապետ Վարդան Մարտիրոսյանը:
«Կիսավարտիքները ավելի բարձրորակ են դարձել: Քանի որ բամբակյա են, նախատեսված չեն մեկանգամյա օգտագործման համար: Մեկ տարվա համար զինվորին կհատկացվի 6 հատ կիսավարտիք: Ստացվում է երկու տարվա համար 12 հատ»,- ասել է Մարտիրոսյանը և տեղեկացրել, որ փոփվել է նաև համազգեստի կտորը:
«Կտորի որակը բարձր է, ներկի կայունության որակը՝ նույնպես: Գունային քողարկման փոփոխություն դեռ չի լինելու։ Այդ համազգեստները կարվում են Հայաստանում»,- ասել է Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է նոր տեսակի ճտքավոր կոշիկներին, ապա այս զորակոչին դրանք դեռ չեն բաժանվել, որովհետև մատակարարները չեն հասցրել կարել:
«Կարծում եմ՝ ամառային զորակոչին արդեն նոր ճտքավոր կոշիկները կհատկացվեն»,- ասել է Մարտիրոսյանը: