1920թ․-ի քարտեզներով Ալ լճերը, Կապանից դեպի արևելք ընկած գյուղերը եղել են ՀԽՍՀ կազմում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

Քաղաքական

«Եթե սահմանազատման և սահմանագծման աշխատանքները իրականացնելիս առաջնորդվեն մինչև 1929 թվականի, առավել  ևս՝ 1926 թվականի քարտեզներով, Հայաստանի համար շահավետ կլինի, որովհետև որքան մոտենում ենք մեր օրերին, այնքան Հայաստանի համար տարածքային կորուստները շատ են»,- այս մասին 24News-ին ասաց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։

Պատմաբանի խոսքով՝ մինչև1926թվականը Հայաստանի սահմանների վիճակը ավելի շահավետ է եղել, իսկ 1960-70 ականների քարտեզները շատ ավելի Ադրբեջանի համար է ձեռնտու, որովհետև անկլավների խնդիր է առաջացել Սյունիքում և ներկայիս Տավուշի շրջանում, տարածքային փոփոխություններ են եղել ի վնաս Հայաստանի։

«Ադրկովկասյան դաշնությունում տարածքային փոփոխությունները տեղի են ունեցել Հայաստանի համար բավականին աննպաստ պայմաններում, որովհետև այդ ժամանակ Հայաստանը եղանակ չէր կարող ստեղծել և լինելով տկար Հանրապետություն, այդ փոփոխությունները տեղի են ունեցել հօգուտ Ադրբեջանի։ Գլխավոր շտաբի քարտեզները շատ ավելի մանրամասն են, խոշոր քարտեզներ են, որտեղ ամբողջությամբ երևում են սահմանները, իսկ  հանրագիտարաններում լույս տեսած քարտեզները անհամեմատ ավելի փոքր մասշտաբի են»։

Դիտարկմանը, թե այդ քարտեզներով, մասնավորապես, ո՞ր հատվածները կլինեն Հայաստանի տարածքում, Մելքոնյանը նշեց․

«Վարդենիսի շրջանի Ալ լճերի հատվածը, Շուռնուխի դիմացի հատվածը 1926 թվականի քարտեզներով Հայաստանի տարածքում են։ ԼՂ ինքնավար մարզի և Խորհրդային Հայաստանի միջև ընդհանուր սահման է եղել Աղավնու գետը և հարավում Կապանի տարածքը, որի դիմացի օդանավակայանից և երկաթգծի կայարանից դեպի արևելք ընկած գյուղերը եղել են Խորհրդային Հայաստանի կազմում»։

Մելքոնյանի խոսքով՝ 1920 թվականի քարտեզների մեջ տարբերություններ կան, դրանք անընդհատ փոփոխվել են, քանի որ ադրբեջանցիները զբաղվել են անասնապահությամբ։ Իրենց անասունների համար արոտատեղեր են պետք եղել, հավակնություններ են ունեցել այգիների, մարգագետինների, խոտարքների նկատմամբ և օգտագործելով իրենց ազդեցիկ դիրքը Անդրկովկասյան դաշնության մեջ, խնդիրը լուծել են իրենց օգտին։ 

«Կան փաստաթղթեր, որտեղ 1920 ականների երկրորդ կեսին Հայաստանի կենտրոնական գործադիր կոմիտեն բողոքել է Անդրկովկասի գործադիր կենտրոնական կոմիտեին, որ առանց Հայաստանի կարծիքը հարցնելու սահմանային վերաձևումներ են կատարվել, բայց Թիֆլիսից եկել է պատասխան, որ խնդիրը լուծված է և վերանայման ենթակա չէ»,- ավելացրեց նա։

--00--ԿԿ