Գեղարքունիքում զոհված Վահեն ցանկանում էր լավ աշխատանք ունենալ և ապահովել ծնողներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Հասարակական

Դեկտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզի ուղղությամբ Ադրբեջանի Զինված ուժերի հարձակման հետևանքով զոհված Վահե Մանասերյանը Երևանից էր:

Վահե Մանասերյանը 19 տարեկան էր, սովորել է Երևանի Ծովակալ Իսակովի անվան թիվ 132 դպրոցում:

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լիդա Վարդանյանը 24News-ի հետ զրույցում ցավով հիշեց.

«Վահեն մարմնով փոքր, վտիտ տղա էր, բնավորությամբ շատ հանգիստ էր: Ընտանիքում երեք երեխա էին՝ երկու քույր ուներ, ինքը տան փոքրն էր: Լավ ընտանիք ուներ, մայրը շատ հոգատար ու ուշադիր էր Վահեի ուսման նկատմամբ: Շատ էր սիրում սպորտը, սպորտում իր գրանցած հաջողությունները՝ մրցանակները հպարտությամբ  դպրոց էր բերում ու մեզ պատմում իր ձեռքբերումների մասին: Իր մահվան լուրը լսելուց հետո հոգիս խառնվել է, չգիտեմ, թե մինչև երբ է այս ամենը շարունակվելու»:
 

Վահեի դասընկեր Արեգն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ Վահեն ընդունվել էր Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, բայց ուսումը կիսատ է թողել և զորակոչվել բանակ.

«Իր մասին հիշողությունները շատ ջերմ են, շատ նվիրված ընկեր էր, դասարանում իր համեստ բնավորությամբ համար շատ էին սիրում: Շատ նվիրված էր իր ընտանիքին, նպատակ ուներ լավ աշխատանք ունենալ և ծնողներին ամեն ինչով ապահովել: Հիշում եմ՝ մեր խիստ ուսուցիչներից մեկը մի անգամ ասաց՝ Վահեն այնպիսի մարդկային հատկանիշներ ունի, որ բոլորդ իրենից պետք է սովորեք»:

Հասարակական
Հասարակական

--0--ԿԿ