«Հայաստան» խմբակցությունը դեկտեմբերի պարգևավճարը ծառայեցնելու է որևէ բարեգործության․ Ագնեսա Խամոյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Հասարակական

«Հայաստան» խմբակցությունն ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս պարգևավճարը ծառայեցնելու է որևէ բարեգործության։ Այս մասին 24News-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը։

«Մենք, ինչպես մյուս պատգամավորները, ևս ստացել ենք այսպես կոչված 13-րդ աշխատավարձը որպես պարգևատրում [դեկտեմբեր ամսվա համար]։ Նախորդ անգամ մենք մեկ միասնական նպատակի վրա դա ծախսեցինք՝ ամբողջ գումարը հավաքեցինք և ուղղեցինք Արցախում գործող Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն։ Այժմ խմբակցությունում տեսակետներ կան, որ պետք է պատգամավորները նաև հնարավորություն ունենան սեփական պատկերացումներով այդ գումարը ծախսել, որովհետև լինում է, որ տարբեր խնդիրներով են մարդիկ մոտենում՝ սոցիալականից սկսած վերջացրած այլ հարցերով։ Այս անգամ որոշեցինք, որ յուրաքանչյուր պատգամավոր ինքը որոշի, թե ինչ բարեգործության կամ ինչ բարեգործական ծրագրի վրա է կարող ծախսել այն», - նշեց պատգամավորը։

Ագնեսսա Խամոյանի խոսքերով՝ մեկը ցանկանում է իր ստացած պարգևավճարն ուղղել 1000 դրամների հիմնադրամին (Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ), մեկը՝ որևէ սոցիալական ծրագրի, մեկն ուզում է իրեն դիմած անապահով ընտանիքին օգնել։ «Ուստի յուրաքանչյուրն անհատական մոտեցում կցուցաբերի։ Նաև ուզում եմ հիշեցնել, որ մենք դիմել էինք Սահմանադրական դատարան բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգևատրելու հարցով։ ՍԴ-ն մերժել է մեր դիմումը՝ հիմնավորելով, որ այդ հարցը գտնվում է պետական քաղաքականության ոլորտում, և սահմանադրականության խնդիր չի առաջացնում, այսինքն՝ դա իշխանությունների գործողությունների տիրույթում է։ Բայց մենք պարգևավճարների հարցով շարունակելու ենք հետևողական լինել։ Թե ի՞նչ քայլերով, դրա մասին արդեն հավելյալ կտեղեկացնենք», - եզրափակեց պատգամավորը։