Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն աճել է մոտ 45, պահածոյացված ապրանքներինը՝ 30 տոկոսով

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30,  24 News

պտուղ

Հայաստանից 2021 թվականի արդյունքներով աճել է ինչպես թարմ պտուղ-բանջարեղենի, այնպես էլ պահածոյացված ապրանքների արտահանումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

Գյուղատնտեսության ոլորտում կիսամյակային տվյալներով աճ է նկատվել, սակայն 9 ամսվա ցուցանիշներով արձանագրվել է նվազում: Խոջոյանը դա հիմնավորեց նաև եղանակային պայմաններով:

«Կարծում եմ՝ սակավաջրությունն ու արևոտ օրերի ավելի շատ քանակն էր, որ բացասաբար ազդեցին հատկապես հացահատիկի և հատիկընդեղի վրա, դա նաև որոշակի բացասական ազդեցություն ունեցավ բանջարաբոստանային մշակաբույսերի բարձր ցուցանիշների արձանագրման վրա»,-ասաց Խոջոյանը՝ խոսելով նաև այդ ռիսկերի մեղմման  մասին, նորագույն տեխնոլոգիաների առավել արդյունավետ և մասսայական օգտագործման մասին:

Սակայն ոլորտում պտղի առումով ավելացում է եղել, ինչն էլ նպաստել է նաև արտահանման ցուցանիշների ավելացմանը: Աճել է նաև վերամշակված, պահածոյացված ապրանքների արտահանումը, վերջին տվյալներով աճը կազմում է 30 տոկոս: Իսկ թարմ-պտուղ բանջարեղենի արտահանումն աճել է 43-45 տոկոսով, 206 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն է արտահանվել:

«Մեծ կշիռ է ունեցել ծիրանը՝ 35 հազար տոննա, նախորդ տարի այն 19 հազար տոննա էր, դեղձը՝ 19 հազար տոննա՝ նախորդ տարվա 14 հազար տոննայի համեմատ: Արտահանվել է արդեն շուրջ 18 հազար տոննա խաղող, նախորդ տարի այդ թիվը կազմում էր 24 հազար տոննա, նվազում կա մի փոքր: Բանջարեղենի մասով աճել է լոլիկի արտահանումը՝ ջերմոցային տնտեսությունների ակտիվացմամբ պայմանավորված: Այսօրվա դրությամբ արտահանվել է շուրջ 36 հազար տոննա լոլիկ: Կարտոֆիլի արտահանումն է բավականին մեծ թիվ կազմում՝ 48 հազար տոննա: Ճիշտ է, որոշ շրջաններում նաև կարտոֆիլի բերքատվության անկում է նկատվում, ինչը կապված է սակավաջրության հետ»,-ասաց փոխնախարարը:  

Ինչ վերաբերում է պետական աջակցության ծրագրերին, ապա դեկտեմբերի դրությամբ 2021-ին սուբսիդավորվող վարկերի ծրագրերից օգտվել է 23 հազար ֆերմեր, ընդհանուր բաշխված գումարը կազմում է 46 մլրդ դրամ: «Ավելացել է լիզինգային պրոդուկտների նկատմամբ պահանջարկը՝ և գյուղտեխնիկայի և ագրովերամշակման սարքավորումների: Սարքավորումների միջոցով աջակցությունն ամենանպատակային աջակցությունն է: Եթե նախորդ տարի այդ պորտֆելը 8.8 մլրդ դրամ էր, ապա 2021-ի դեկտեմբերի դրությամբ կազմում է 11.5 մլրդ դրամ»,-ասաց Խոջոյանը:

Կատարվել է նաև 5 մարզի խաղողի տնկարկների քարտեզագրում, ինչը կօգնի պետությանը ճշգրիտ հասկանալ, թե որտեղ ինչ այգիներ են տեղակայված, պետք է արվի նաև սեփականատերերի նույնականացում, նաև մշակվող խաղողի սորտերի նույնականացում: «Այս ամենը կնպաստի, որ կարողանանք ճիշտ կանխատեսումներ իրականացնել, և մեր հետագա քաղաքականությունը լինի ճշգրիտ»,-ասաց նա՝ հավելելով, որ կստեղծվի ռեեստր:

Խաղողի մթերման հետ կապված առաջացող խնդիրները երկարաժամկետ հիմնավոր լուծում են պահանջում, ինչի համար փոխնախարարը կարևորեց նաև խաղողի այգիների ճշգրիտ նույնականացումը հասկանալու համար, թե ինչպիսի արտադրական քանակ կարող են կանխատեսել:

Աճում է խաղող վերամշակողների, գինի արտադրողների թիվը շուկայում: Վերջերս Բեռլինում բացված լոգիստիկ պահեստում ներկայացվել են հայկական 21 արտադրողի 56 գինիներ: Այն հասանելիություն է ապահովում ամբողջ Եվրոպայում:  

--00--ԱԹ