Պարտադիր զինվորական ծառայության է մեկնել վանաձորցի նորակոչիկների ձմեռային զորակոչի առաջին խումբը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

Հասարակական

ՀՀ ՊՆ Լոռու մարզի զինվորական կոմիսարիատի Վանաձորի բաժանմունքից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները: Այդ մասին ասված է Լոռու մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:

Զորակոչի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, ուժային կառույցների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:

Ներկաներին ողջույնի և ոգեշնչման խոսքեր հղեց մարզի ղեկավար Արամ Խաչատրյանը։ Նորակոչիկներին նա խորհուրդ տվեց պահպանել անվտանգության կանոնները, անսասան պահել հայրենի սահմանները և երբեք չթուլացնել զգոնությունը։

Միջոցառման ընթացքում Արցախի Հանրապետության նախագահի հրամանով հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով հետմահու պարգևատրվեց մայոր Հարություն Նալբանդյանը, իսկ «Մարտական ծառայություն» մեդալով՝ կրտսեր սերժանտ Մհեր Ղուկասյանը։

«Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվեցին նաև սերժանտ Արման Քոչինյանը, կրտսեր սերժանտ Ռուդոլֆ Մկրտչյանը, շարքայիններ Գարիկ Ամիրխանյանը, Նորիկ Զալյանը, Ալիկ Պարանյանը, Մհեր Ստեփանյանը և Վազգեն Հարությունյանը:

--00--ԿԿ