Բացահայտվել է սպանության փորձ․ 29-ամյա տղամարդը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Փետրվարի 10-ին, ժամը 17.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «արմնկային շրջանի, որովայնի առաջնային պատի և նստատեղի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 36-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողներին բժիշկը տեղեկացրել էր, որ տուժողն ի վիճակի չէ բացատրություն տալու:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փաստի արթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) հատկանիշներով:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 10-ին, ժամը 15.30-ին, Տիգրանյան փողոցի 10-րդ շենքի բնակարաններից մեկում ծագած վիճաբանության ժամանակ տուժածին դանակով մի քանի անգամ հարվածել և վնասվածքները պատճառել է 29-ամյա տղամարդը։ Նույն օրը, ժամը 23.15-ին, նա հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, տվել խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

--00--ՍԳ