38 վիրավոր զինվորի պրոթեզավորումն ավարտին հասցնելու համար կառավարությունը գումար հատկացրեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

mailservice-43.jpg

Գործադիրը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավորված զինվորների ֆունկցիոնալ պրոթեզավորման ապահովելու նպատակով։

Որոշման ընդունումը բխում է ՀՀ վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզի 5-րդ կետի պահանջներից, ըստ որի՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով վիրավորված անձանց պրոթեզավորման գործընթացի պատշաճ կազմակերպումը ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններից է։

Հիմնավորման համաձայն՝ 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորման հետևանքով ստորին և վերին վերջույթների ամպուտացիաներ ունեցող զինվորների պրոթեզավորման համար «Հայաստան» համահայկական հիմնադրամը Զինվորի տանը որպես նվիրատվություն տրամադրել է պրոթեզավորման համար անհրաժեշտ նյութեր, վերին և ստորին վերջույթների պրոթեզներ, օժանդակ պարագաներ և այլ նյութեր։ Զինվորի տան կողմից իրականացված պրոթեզների պատրաստման, տեղադրման, ընթացիկ սպասարկման, նորոգման ծառայությունները մինչև 2022 թ. հունվարի 31-ը ֆինանսավորվել են բարերարների աջակցությամբ։ Սակայն այս պահին ֆինանսական ֆոնդը սպառված է։

Ներկա դրությամբ 38 վիրավոր զինվորների 41 ստորին վերջույթների պրոթեզավորումն ավարտին հասցնելու նպատակով անհրաժեշտ են նյութեր՝ ընդամենը 13,530,0 հազար դրամ արժեքով:

--00—ՀԶ