Բռնցքամարտի ԵԱ. այսօր մեկնարկում է քառորդ եզրափակիչը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

ԵԱ Երևան

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ մայիսի 27-ին, մեկնարկում են քառորդ եզրափակչի մենամարտերը․ հաղթած բռնցքամարտիկներն առնվազն կապահովեն բրոնզե մեդալներ, հայտնում է armsport.am-ը։

Այսօր՝ մրցումային 5-րդ օրը, ռինգ դուրս կգա Հայաստանի 9 ներկայացուցիչ: Ցերեկային մրցահերթում առաջինը պայքարը կսկսի 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը: Մեկնարկային մենամարտում նրա մրցակիցը կլինի Վրաստանի ներկայացուցիչ Սախիլ Ալախվերդովը։ ԵԱ-ում իր առաջին մենամարտը կանցկացնի նաև Արթուր Հովհաննիսյանը (51 կգ)` ուժերը չափելով իսպանացի Մարտին Մոլինա Սալվադորի հետ:

Գերծանր քաշային Դավիթ Չալոյանը քառորդ եզրափակչում կմենամարտի Իսպանիան ներկայացնող Էլ Ալիսաուի Այուբի հետ, իսկ Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովի (63,5 կգ) մրցակիցն այս փուլում կլինի չեխ Պետր Նովակը: Ցերեկային մրցահերթում ռինգ դուրս կգա նաև 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը՝ մենամարտելով Խորվաթիայի ներկայացուցիչ Լյուկա Պլանտիչի հետ:

Եվս չորս բռնցքամարտիկ պայքարի դուրս կգա երեկոյան: 67 կգ Գուրգեն Մադոյանը կմենամարտի Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Գուրուլիի, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը՝ Թուրքիան ներկայացնող Բետուհան Սիտֆիի, 86 կգ Ռաֆայել Հովհաննիսյանը՝ Վիկտոր Շելստարետեի հետ, իսկ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանի մրցակիցը կլինի հույն բռնցքամարտիկը:

92 կգ քաշայինների 1\8 եզրափակչում Մանասյանը երեկ՝ երեկոյան, ժամանակից շուտ տպավորիչ հաղթանակ էր տարել սլովակ Դավիդ Միխալեկի հետ մենամարտում: Այն ավարտվել էր երկրորդ ռաունդում՝ տեխնիկական նոկաուտով:

«Լավ մենամարտ էր: Ամեն ինչ անցավ այնպես, ինչպես պլանավորել էի: Հուսով եմ` հետագայում էլ հաղթանակներ կունենամ: Շնորհակալ եմ աջակցության համար»,- հաղթական մենամարտից հետո ասել էր Նարեկ Մանասյանը:

Մենամարտից հետո Մանասյանին շնորհավորել էր նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBC վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը և մասնագիտական մի քանի խորհուրդ տվել:

Հիշեցնենք՝ Հայաստանը Եվրոպայի առաջնությունում ներկայացված էր բոլոր 13 քաշային կարգերում:

--00--ԱԱ