Հույս ունեմ, որ ի վիճակի կլինենք բացել Հայաստանի և Ադրբեջանի սահմանը, որն արդեն 30 տարի է՝ փակ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը, որի շրջանակում անդրադարձ է եղել հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև առհասարակ Հայաստանի՝ հարևանների հետ ունեցած հարաբերություններին։

Թեմային առնչվող հարցուպատասխանը՝ ստորև․

Հարց - «Ալ Ջազիրա» - ․․․․Ընդհատելով խոսակցությունը, եթե ձեր գործընկերների հետ հարաբերությունները նորմալ են, ապա ի՞նչ կասեք Թուրքիայի հետ հարաբերությունների մասին: Հայաստանն ու Թուրքիան հայտարարեցին հարաբերությունների նոր էջ բացելու մասին. ո՞րն է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջոցով սկսել ենք երկխոսություն։ Երկխոսությունն ինքնին արդեն շատ դրական է, բայց հույս ունենք, որ կարձանագրենք շոշափելի արդյունքներ։

Հարց - «Ալ Ջազիրա» - Ընդհատելով խոսակցությունը, խոսո՞ւմ եք արդյոք Թուրքիայի հետ փոխադարձ այցերի մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Չեմ կարող ասել, որ մենք դեռ ոչ մի արդյունք չենք գրանցել, որովհետև երկխոսության սկզբից հետո մենք Հայաստանի ու Թուրքիայի միջև ուղիղ չվերթներ ենք սկսել, բայց սա մի բան է, որ մենք ունեինք նաև նախկինում։ Ես հույս ունեմ, որ ի վիճակի կլինենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել և բացել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը, որն արդեն 30 տարի է, ինչ փակ է․․․

Հարց - «Ալ Ջազիրա» - ․․․Դուք դրական եք արտահայտվում, մինչդեռ Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ ընդհանուր առմամբ վատ են, բացառությամբ Իրանի: Ոմանք իրականում զարմացած են, որ Իրանը, լինելով Իսլամական Հանրապետություն, կանգնեց ձեր կողքին Ադրբեջանի դեմ: Ինչպե՞ս եք բացատրում այս կեցվածքը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք ունենք չորս հարևաններ և նրանցից երկուսի հետ ունենք շատ լավ հարաբերություններ, նկատի ունեմ Վրաստանին ու Իրանին։ Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, որը նույնպես լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, և մենք չունենք այնպիսի մտադրություն, որ չունենանք լավ հարաբերություններ այն երկրների հետ, որոնք ունեն լավ հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Բայց հիմա մենք Իրանի հետ շատ սերտ կապեր ունենք, և իմիջիայլոց, հույս ունենք, որ Իրանի հետ համագործակցությամբ ի վիճակի կլինենք ընդլայնել մեր երկկողմ հարաբերությունները նաև Քաթարի հետ։ Մենք այժմ աշխատում ենք Իրանի և Հայաստանի միջև հաղորդակցությունները զարգացնելու ուղղությամբ, և այժմ շատ ռազմավարական մի մայրուղու կառուցման փուլում ենք, որը կոչվում է Հյուսիս-հարավ և կապում է Վրաստանի հետ մեր սահմանն Իրանի հետ սահմանին։ Մենք հույս ունենք, որ այդ ծրագրի արդյունքում մեր տնտեսական հարաբերությունները Իրանի հետ կզարգանան։ Եվ իմիջիայլոց, Եվրասիական տնտեսական միությունը, ես արդեն ասացի, որ Հայաստանը դրա անդամն է, Իրանի հետ ունի ազատ առևտրի պայմանագիր, որը շատ կարևոր է մեր երկկողմ հարաբերությունների համատեքստում։

--00—ԼՄ