ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News
«Բերձորում նոյեմբերի 9-ից հետո գազ չկա, ցանցում վնասված մասեր կային, և գազամատակարարումը վտանգավոր էր։ Այժմ «Արցախգազը» գազի խողովակներն ապամոտնաժում է։ Իմ տեղեկություններով՝ դրանք տեղափոխվում են Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագորի հատվածում գազաֆիկացում իրականացնելու համար»,- այս մասին 24News-ին հայտնեց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից կառուցվող նոր ճանապարհի շինարարությանը և Բերձորի միջանցքը ադրբեջանցներին հանձնելու և բնակիչներին տարհանելու մասին խոսակցություններին՝ Նարեկ Ալեքսանյանը նշեց, որ Ադրբեջանը ճանապարհը կառուցում է, բայց բնակչությունը շարունակում է ապրել Բերձորում՝ առանց ճամպրուկային և խուճապային տրամադրություների։ Թե ինչ ժամկետում կավարտվի շինարարությունը և ինչ նպատակով կօգտագործվի ճանապարհը, որևէ հստակեցում չկա։
«Շրջանառվող լուրերի համաձայն՝ ստեղծվում է Արցախը ՀՀ-ին կապող այլընտրանքային ճանապարհ, բայց երբ տեսնում ես, թե ադրբեջանցիներն ինչ ինտենսիվությամբ են կառուցում ճանապարհը, մտածում ես, որ հավանական է՝ այլընտրանքային միջանցքը տեղափոխվի այնտեղ։ Ինչ վերաբերվում է ժողովրդին տարհանելուն, ապա որևէ պաշտոնական հրաման չկա»,- ավելացրեց նա։
Դիտարկմանը, թե Դուք ինչ մտավախություններ ունեք, քաղաքապետն ասաց․ «Սեպտեմբերի 27-ից սկսած յուրաքանչյուր օր մի գործընթաց սկսում է, ցանկացած գործընթաց կանխատեսելի է։ Ռուս խաղաղապահներն այս պահին գործող միջանցքում են, և այն լուրերը, թե գնացել են տարածքից՝ իրականությանը չի համապատասխանում։ Իսկ ինչ վերաբերում է էլեկտրական լարերի հանմանը, դա սխալ տեղեկություն է, եթե Բերձորում էլեկտրականությունը հավաքվի՝ Արցախում լույս չի լինի, ամբողջ հոսանքը անցնում է Բերձորով։ Հին էլեկտրալարերը փոխում են նորով, առավոտյան 9-ին հոսանքը անջատում են, երեկոյան միացնում են, դա արվում է Արցախում անխափան լուսավորություն ունենալու համար»:
Հարցին, թե ինչ տեղեկություն ունի Աղավնո գյուղի մասին, քաղաքապետն ասաց, որ նույն վիճակը Աղավնոյում է, բնակչությունը շարունակում է ապրել։
Հերմինե Միքայելյան
--00--ՏՏ