Պարզվել է բեռնատարի և Mercedes-ի բախման հետևանքով մահացածների և վարորդների ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

1

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է օգոստոսի 25-ին Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և բեռնատարի վարորդի ինքնությունը, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է՝ Mercedes-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչը՝ 20-ամյա Արգիշտի Մանուկյանը, իսկ MAN բեռնատարը վարել է Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 58-ամյա Դավիթի Ռոմելաշվիլին։

Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորները՝ Վանաձոր քաղաքի բնակիչներ, 18-ամյա Նարե Մաթևոսյանը, 15-ամյա Միլենա Պարտիկյանը, տեղում մահացել են, իսկ Mercedes-ի վարորդ Ա. Մանուկյանը «Վանաձոր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով,նույնպես մահացել է։

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ օգոստոսի 25-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:20-ի սահմանում Վանաձոր-Ալավերդի Մ-6 ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում բախվել էին Man բեռնատարն ու Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էին «Վանաձոր» բժշկական կենտրոն: Ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել էր:

Բախման հետևանքով Mercedes-ը բախվել էր ճանապարհին տեղադրված բետոնե հենապատերին, որից երկուսը կոտրվել էին, ու Mercedes-ը մոտ 4 մետր բարձրությունից ընկել և կողաշրջված վիճակում հայտնվել էր Դեբեդ գետի ափին՝ բախվելով ծառին:

--00—ԼՄ