Արցախն Ադրբեջանի կազմում միայն մեկ ապագա ունի՝ հայաթափում, կործանում, ցեղասպանություն․ Արցախի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

աա

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է՝ Արցախն Ադրբեջանի կազմում միայն մեկ ապագա ունի՝ հայաթափում, կործանում և ցեղասպանություն։

«Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը հայտարարել է, որ ադրբեջանցիներն ու հայերը կարող են ապրել կողք կողքի՝ որպես մեկ երկրի քաղաքացի։

Նախևառաջ, հայերն ու ադրբեջանցիները կարող են ապրել մեկ երկրի ներսում, բայց այդ երկիրը միայն երրորդ երկիր կարող է լինել, օրինակ` Ռուսաստան, ԱՄՆ, Շվեյցարիա և այլն։ Նման օրինակներ ունենք, չնայած Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի նույնիսկ երրորդ երկրում ադրբեջանցիները հայերի նկատմամբ թշնամանքով վերաբերվեն, և սա մենք տեսնում ենք ամենատարբեր երկրներում։

Բայց եթե տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Արցախին ու Ադրբեջանին, ապա մենք չենք կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ Արցախն Ադրբեջանի կազմում միայն մեկ ապագա ունի՝ հայաթափում, կործանում և ցեղասպանություն»,- հայտարարել է Դավիթ Բաբայանը։

--00—ԻԴ