ՇՄՆ-ն բացասական եզրակացություն է տվել Թեժասարի հանքավայրի պաշարների վերագնահատման հայտին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

նկար

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը բացասական եզրակացություն է տվել «ԱՄ ԱՐՏ ՇԻՆ» ՍՊԸ-ի Կոտայքի մարզի Թեժասարի հանքավայրի Թեժագետ տեղամասի նեֆելինային սիենիտների պաշարների վերագնահատմանն անհրաժեշտ ուսումնասիրության 2012-2025թթ. ծրագրով նախատեսված երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին: Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը փաստաթուղթը ստորագրել է ս.թ. օգոստոսի 30-ին, իսկ նախարարության կայքում այն հրապարակվել է սեպտեմբերի 5-ին:

Նախարարությունը ներկայացրել է հետևյալ փորձաքննական հիմնավորումները.

«Կոտայքի մարզի Թեժասարի հանքավայրի Թեժագետ տեղամասի նեֆելինային սիենիտների պաշարների վերագնահատմանն անհրաժեշտ ուսումնասիրության 2012-2025թթ. ծրագրով նախատեսված երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի փորձաքննությունն իրականացվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջներով: Փորձաքննական գործընթացին մասնակցել են առողջապահության, արտակարգ իրավիճակների, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները, կադաստրի կոմիտեն, Կոտայքի մարզպետարանը, ինչպես նաև շրջակա միջավայրի նախարարության ստորաբաժանումները, որոնց կողմից ստացված կարծիքները ևս հաշվի են առնվել։ Նախնական գնահատման հայտի վերաբերյալ, օրենքով սահմանված կարգով, օգոստոսի 11-ին, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում իրականացվել է հանրային քննարկում, որտեղ մեծ թվով բնակիչներ արտահայտել են իրենց դժգոհությունները նախատեսված գործունեության վերաբերյալ։ Հիմնական մտահոգությունն ու պատճառաբանությունն այն էր, որ հետագայում հանքավայրի արդյունահանման աշխատանքները կարող են ավելացնել բնապահպանական խնդիրներ, որոնք պայմանավորված են հետագա աշխատանքների ազդեցություններով/ փոշու առաջացում, ջրային ռեսուրսների աղտոտում/, տարածքում աշխատանքների միջամտությունների արդյունքում հնարավոր ուրանի հետ կապված ազդեցություններով: Նախնական գնահատման հայտում չի ներկայացվել Թեժասարի երկրաբանահետախուզական աշխատանքների տարածքում ուրանի և ռադիոակտիվ էլեմենտների պարունակության վերաբերյալ տեղեկատվություն, ինչը նույնպես հանրային քննարկման ընթացքում բարձրաձայնվեց։ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքը օգոստոսի 11-ի գրությամբ ներկայացրել է բացասական կարծիք նախատեսվող գործունեության վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ քաղհասարակության ներկայացուցիչները օգոստոսի 15-ին նամակով դիմել էին Շրջակա միջավայրի նախարարություն՝ ներկայացնելով Թեժասարի հանքավայրի նեֆելինային սիենիտների պաշարների վերագնահատման հայտը մերժելու հիմնավորումները: 

--00—ԼՄ