ՄԱԿ ԱԽ նիստի հետ պետք չէ հույսեր կապել, այդ կառույցը կորցրել է հեղինակությունը․ միջազգայնագետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News      

ասս
     

Միավորված ազգերի կազմակերպությունը ՀԱՊԿ-ին այլընտրանք պետք էլ չէ դիտարկել, որովհետեւ դրանք տարբեր կառույցներ են, տարբեր խնդիրներ ունեն իրենց առջև դրած։ Այս մասին 24News-ին ասաց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու Գրիգոր Բալասանյանը՝ անդրադառնալով վերոնշյալ կառուցների ազդեցությանը Հայաստանի և Ադրբեջանի միջեւ էսկալացիան թուլացնելու հարցում։

Միջազգայնագետի խոսքերով,  ՄԱԿ-ը չունի այդ ազդեցությունն աշխարհի որեւէ հատվածում էսկալացիա թուլացնելու համար, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի դեպքում. «ՄԱԿ-ն իր այդ հեղինակությունը կորցրեց դեռևս 1999 թվականին, երբ չկարողացավ կանխել Հարավսլավիայի վրա ՆԱՏՕ-ի հարձակումը։ Սա այն մասին, որ ՄԱԿ-ը չունի այդ հեղինակությունը»։

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ գումարելու նախաձեռնությանը, ապա Բալասանյանն ասաց, որ ԱԽ նիստի հետ մեծ հույսեր չի կապում։ «Համենայնդեպս, ադրբեջանական կողմի համար ԱԽ ընդունած բանաձեւը, ընդհուպ եթե Ադրբեջանը հայտարարվի ագրեսոր, չնայած խիստ կասկածում եմ, այդքան էլ կատարման համար պարտադիր չի լինելու։ Ադրբեջանն իր թիկունքում ունի Թուրքիայի աջակցությունը։ Նաեւ գործում է Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու տրամաբանությունը», - ընդգծեց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոսը։

«Ուստի, կարծում եմ, որ ՄԱԿ ԱԽ ընդունած ցանկացած որոշում չի կարող ազդել հայ-ադրբեջանական լարվածության թուլացման վրա», - շեշտեց նա։ 

Ըստ Բալասանյանի՝ հնարավոր բանաձևի ընդունման դեմ կարող են վետո դնել ՄԱԿ ԱԽ մշտական անդամներից Մեծ Բրիտանիան կամ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ «Համենայնդեպս անգլոսաքսերից երկուսից էլ նման բան սպասելի է, ես ավելի շատ հակված եմ, որ Մեծ Բրիտանիան վետո կդնի», - եզրափակեց Գրիգոր Բալասանյանը։

Երեկ Ֆրանսիայի նախագահականը հայտնել էր, որ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ այսօր կգումարվի ՄԱԿ ԱԽ նիստ, որը վերաբերելու է հայ-ադրբեջանական բախումներին։

 

 Սերգեյ Առաքելյան

 --00—ԱՊ